Ես Երևանի փոխքաղաքապետն եմ և համակարգում ու վերահսկում եմ վարչական շրջանների և նրանց ղեկավարների աշխատանքը, նման վերահսկման գործառույթ նախկինում Երևանի փոխքաղաքապետերը չեն ունեցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ դրանով պայմանավորված է իրականացնում շրջայցեր տարբեր վարչական շրջաններ։
Ավինյանը նշեց որ իր ակտիվությունը պայմանավորված է փոխքաղաքապետի իր աշխատանքով. «Իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով. Փոխվարչապետ եղած ժամանակ իմ գործառույթները այլ են եղել. եթե հիշում եք, ես եղել եմ պարետ եւ շատ երկար ժամանակ շփվել եմ քաղաքացիների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրություններում իր շանսերը, Ավինյանը ընդգծեց, որ այս պահին չի մտածում ընտրությունների մասին. «Այս պահին ես կենտրոնացած եմ այն աշխատանքների վրա, որի համար նշանակվել եմ Երևանի փոխքաղաքապետ, ընտրություններին դեռ շատ ժամանակ կա»։