Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, համաձայն որի՝ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին՝ խաղաղության շրջանակային պայամանագիր ստորագրել, այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ դժվար է մեկնաբանել, որովհետև մեկնաբանում են գիծ ունեցող մարդու հայտարարություններ.
«Հիմա, եթե շրջանակային պայմանագրի մասին մեկնաբանեմ, ճիշտ այս ժամին կառավարության նիստին Փաշինյանը հայտարարի, որ Ադրբեջանը ցեղասպանում է ժողովրդին, 180 աստիճանով փոխի, ինչը՞ մեկնաբանեմ»։
Փաշինյանի մեկ այլ հայտարարության՝ անկլավների վերադարձի մասին խոսելիս Մանուկյանն ասաց, թե իշխանությունը չորս տարի շարունակ գործում է «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով։ Հայտնի սկզբունք է, երբ որևէ թեմա տաբու է համարվում, չի խոսվում դրա մասին, առաջին անգամ խոսք է բացվում, քննադատում են, հարվածում են, բայց հետո սկսվում է քննարկվել ու այդպես ժամանակի ընթացքում դառնում է հանրային ընկալելի հարց։ Նույնը վերաբերում է «անկլավ» կոչվածներին։
«2021թ օգոստոսին ԱԺ-ում իշխանական պատգամավորներից մեկը՝ տավուշեցի, չբացառեց, քննադատեցին և այլն, բայց խոսույթում արդեն կար, Նիկոլ Փաշինյանն էլ չխոսեց, չխոսեց, հերքեց, մեկ էլ մի օր խոսքի մեջ ասաց։ Ուրիշ վտանգավոր տերմին օգտագործեց՝ խոսելով Նռնաձորի, Մեղրիի մասին։ Ինքն է հանրությանն ադրբեջանական թեզերն ու պահանջները հրամցնում, պատահական չէ այն տարածքը, թիվը, ծավալը, մակերեսը ՀՀ-ի՝ 29.800 քառակուսի կմ, ինչը վերջին շրջանում շրջանառության մեջ մտավ։ Նայեք Խորհրդային Հայաստանի քարտեզին, կպատկերացնեք՝ ինչի մասին է խոսքը։ Դա մինչև 1991թ քարտեզների մասին է, չի խոսում, չէ՞ Արծվաշենի մասին։ Ինքը շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը»,- ասաց Մանուկյանը։