Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից նախօրեին ընդունված բանաձևի առնչությամբ՝ «վճռականորեն մերժելով» փաստաթուղթը:
Նշենք, որ բանաձևը պահանջում է ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերում Հայաստանի օկուպացված տարածքներից՝ ապահովելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումը և Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգում, ինչպես նաև կոչ է բանում Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Բանաձևը կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք, ինչպես նաև վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այս առնչությամբ նշել է, որ բանաձևը «բացահայտ սադրողական է և ծառայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խաթարմանը»։
Բաքուն ևս մեկ անգամ կրկնել է իր թեզն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է «Ադրբեջանի անբաժանելի մասը» և որ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը «Ադրբեջանի ներքին գործն է»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս «բանաձևը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և առաջընթացին»: