ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անհրաժեշտ է համարել, որ Ադրբեջանն ու Հայաստանը պահեն խաղաղ բանակցությունների թափը, այս մասին ասված է Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ աջակցելու երկկողմ խաղաղության քննարկումներին նոյեմբերի 7-ին կայացած բանակցություններից հետո: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերը պահպանեն բանակցությունների թափը և խուսափեն սադրանքներից: Նա նաև կոչ է արել շարունակել առաջընթացը խաղաղ գործընթացին նպաստելու կոնկրետ արդյունքների հասնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցից հետո Բլինքենը նաև գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում:
«Ես վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների թափը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին», — գրել է Բլինքենը: