Search
Close this search box.

Առանց ԼՂ խնդրի հստակեցման հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաղորդագրությունները հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ նպատակ ունեն իրավիճակն էսկալացնելու, հետո ռազմական գործողություններ իրականացնելու: Այս մասին Civilnet-ին տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս պահին եւս շարունակում է վտանգը մնալ առկա, որ Ադրբեջանը կարող է ռազմական սադրանք՝ իրականացնել ՀՀ նկատմամբ: Մենք շարունակում ենք աշխատել մեր կարողությունները մեծացնելու, ինչպես նաեւ միջազգային հանրության հետ աշխատելու ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք այդպիսի էսկալացիա»,-ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերի 13-ին, օրինակ, ՀՀ բանակի պատասխանը եւ միջազգային ներգրավվածությունը հնարավորություն տվեցին կանգնեցնելու ռազմական գործողությունները, բայց հնարավորություն չի տվել կանխել այն:

«Այսինքն միայն միջազգային մեխանիզմը արդյունավետ չի աշխատում, անհրաժեշտ է, որ մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել, մեր բանակը բարեփոխել, որ կարողանանք բացառել Ադրբեջանի հետագա սադրանքը Հայաստանի ու ԼՂ նկատմամբ»,-ընդգծեց Արմեն Գրիգորյանը:

«Ինչքան սրում է իրավիճակն Ադրբեջանը, այնքան օրակարգային են դառնում արցախահայության իրավունքների եւ անվտանգության մասին քննարկումները եւ միջազգային մեխանիզմի ստեղծումը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելուն, ԱԽ քարտուղարն ասաց. «Եթե խաղաղության պայմանագիրը այն տարբերակով ենք կնքում, որը մենք առաջարկում ենք, հնարավորություն է ստեղծում նաեւ կանխել հնարավոր սադրանքները: Այն մեխանիզմները, որը մենք առաջարկել ենք խաղաղության պայմանագրի տեքստում, նաեւ երաշխիքներ է ստեղծում, օրինակ միջազգային գարանտորների մասին է խոսքը: Դեռ հստակ չի, թե ովքեր են լինելու այդ գարանտորները, դա բանակցությունների թեմա է: Հայաստանը գիտակցում է, որ այդ երաշխիքները երբեմն պատմության ընթացքում չեն աշխատել, բայց կարող են լինել դեպքեր, որ դրանք աշխատեն»:

Նա անդրադարձավ նաեւ խաղաղության պյմնագրի տարբերակներին, նկատելով, որ Հայաստանը բոլոր հարթակներում նույն բանն է ասում, եւ նույն օրակարգն է առաջ տանում. «Երեւէ տարբերություն չկա, թե որ հարթակում է ընթանում գործընթացը: Այս առումով, քանի որ Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի սկզբից 5 կետերը, այնուհետեւ այդ կետերը բացված տեքստ են ներկայացրել: Մենք այդ տեքստի վրա աշխատել ենք, դրա պատասխանն ունենք, այն արձրել ենք ավելի շրջանակային պայմանագրի տեսք ունեցող, դրա հիման վրա նաեւ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում հանդիպում է տեղի ունեցել ԱԳ նախարարների միջեւ: Այդ տեքստը, կարծում եմ՝ համապարփակ է եւ կարողէ լուծել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Գնալով ավելի են հստակեցվում խաղաղության գործընթացի շրջանակները, հարցերը, այն ուղղությունները, որ աշխատելու ենք»:

Հարցին, թե արդյոք ռուսական առաջարկներն ուժի մեջ են, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանը կոնկրետ դիրքորոշում ուներ, որ Սոչիի հայտարարության մեջ նշվեն այդ առաջարկների մասին, բայց վերջնական տեքստում դա չի նշվել: Կշարունակենք աշխատել: Մեծ հաշվով այդ առաջարկները համահունչ են նաեւ այս ընթացքում գործընթացներին: Գլոբալ հաշվով այդ տեքստերը փոխկապակցված են իրար հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա 4 մեծ թեմա, որոնք ունեն ենթաթեմաներ: Առաջինը հումանիտար հարցերն են, բոլոր գերիների արագ ազատումը, երկրորդը ապաշրջափակումն է, դելիմիտացիայի, սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների աշխատանքը, եւ ԼՂ հիմնախնդրի լուծում:

Բնականաբար, բանակցություններում Ղարաբաղի հարցը քննարկվում է, մենք փնտրում ենք հնարավոր լուծում, թե ինչպես առաջ շարժվենք: Կա տարբերակ հարցն պագային թողնել, կամ ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունենա քննարկում իրավունքների ու անվտնգության վերաբերյալ:

Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման, կամ գոնե հստակեցման, թե ինչպես է լուծվելու ԼՂ խնդիրը, հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել: Շրջանցել ԼՂ խնդիրը հնարավոր չէ, այն բոլոր հանդիպումներում քննարկվում է, օրակարգում է»:

ԱԽ քարտուղարը նաեւ հավելեց, որ այս պահին քննարկումներ են գնում, թե ինչպես ԼՂ խնդիրը տարանջատել խաղաղության պայմանագրի գործընթացից. «Որովհետեւ երկար ժամանակ լուծում չէր գտնվում, թե ինչպես ԼՂ խնդիրը խաղաղության պայմանագրում որպես գործընթացի մաս տեղավորել: Հիմա մենք փորձում ենք տարանջատել, բայց դրա համար երաշխիքներ են անհրաժեշտ: Առանց երաշխիքների հնարավոր չի լինելու խաղաղության պայմանագրում դա չարտացոլել»:

Please enter a valid URL