Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել՝ 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Քաղաքացիները, ԱԻՆ ծառայողները և ոստիկանները բացել են տան դուռը և հայտնաբերել 3 դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։
Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:
Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք դեռևս քննվում են։ Այլ մանրամասներ հայտնելուց ՔԿ-ից առ այժմ զերծ մնացին, սակայն հաստատեցին շրջանառվող տեղեկությունն առ այն, որ տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել սպանված 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։
Ի դեպ, ըստ ձերբակալվածների վարկածի, վերջիններս տուն մտել են գողություն կատարելու համար, սակայն արձանագրենք, որ գողն ու սեռական բռնարարը, մարդասպանը տարբեր նկարագրեր ունեն։ Գողության համար տուն մուտք գործած անձը դաժանաբար չի սպանում երեխաներին ու դեռ ավելին՝ սեռական բռնության ենթարկում։ Նման արարքին ամեն գող չէ, որ ունակ է դիմել։ Ակներեւ է, որ չարագործներն արդեն ընտրել են իրենց պաշտպանության մարտավարությունը։ Առավել եւս, երբ տեղեկություններ կան, որ տղամարդը տևական ժամանակ փորձել է սիրահետել նաև սպանված կնոջը։ Փաստացի, նշված ընտանիքը տևական ժամանակ եղել է նրանց ուշադրության կենտրոնում, վերջիններիս հայտնի է եղել կնոջ ամուսնու՝ արտերկրում գտնվելու հանգամանքը, բացի այդ, մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ ձերբակալված տղամարդը տևական ժամանակ կերակրել է նաեւ սպանված ընտանիքի շանը, շփվել ընտանիքի անդամների հետ։
Մոր ու երեխաների հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին։ Գյուղում, սակայն, ողբերգական դեպքն իր հետքը թողել է։ Լարվածությունից, ցասումից զատ կա մտավախություն՝ հնարավոր վենդետաների։ Այժմ ձերբակալվածների ընտանիքների անվտանգությունն են փորձում ապահովել։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Պեմզաշենում ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում։