Hraparak.am-ը գրում է.
Սոցիալական ցանցերի նման ակտիվություն կար մեկ էլ, երբ Մանվելը «տուշոնկա էր գողացել», ու նամակներ էին կարդում՝ սրտաճմլիկ, սրտակոտոր։ Հանրության ամենանուրբ թելերի վրա գնաց այդ արարը։ Արար եմ ասում, որովհետև այն ցուցադրվեց ժամանակացույցով ու հիմա, կարծես թե, բան չենք լսում։ Այդ ժամանակ էլ մարդկանց ցավից տոչորվող խումբ կար, որ հարձակվում էր անգամ Մանվելի փաստաբանի վրա։ Բոլորը միաբերան գոռում էին՝ մոր․ թել Մանվելին։
Հանրությունը հայտնվել էր կրակի ամենաբարձր կիզակետում և իշխանությունը չոր փայտ չէր խնայում՝ կրակը հասցնելու մինչև երկինք։ Շարունակությունը դուք գիտեք։ Միայն կարձանագրեմ՝ այս իշխանությանը հերոսներ պետք չէին, որը դրսևորեց իր հետագա գործելակերպում։ Հիմա Պեմզաշենի «մոր ու մանկանց» սպանությունն է։ Ձեռագրի նմանություն եմ տեսնում։
Կրակը գցել, հրապարակել սպանողների անուններ ու հանրությանը «կապել նրանց հարազատների ջանին»։ Մանվելի ժամանակ էլ այդպես էր։ Այնքան միամիտ չեմ, որ ասեմ՝ հայը չի կարող նման բան անել։ Բայց և այնքան միամիտ չեմ, որ հաշվի չառնեմ մի շարք հանգամանքներ։ Խաղաղության օրակարգի է գնում այս իշխանությունը ու այդ շեմին նման սահմռկեցուցիչ դեպք։ Հայաստանը ադրբեջանաթուրքական ռելսերի վրա դնելուց հինգ պակաս նման դեպք։ Ու՞մ է ձեռնտու, որ այս դեպքով հայը հայի դեմ հանի։
Ու՞մ է պետք, որ հայը մտածի՝ մենք ավելի վատն ենք, քան թուրքը։ Ու՞մ է պետք, որ առանց այդ էլ պառակտված, հազար մասի բաժանված ազգի մեջ միասնականությունն ամրապնդելու փոխարեն բաժանի ազգը։ Իշխանության պնակաբանների կողմից գերակտիվ մոտեցում կա՝ ձերբակալվածներին առանց քննության հանցագործ ճանաչել և հայտարարում են ու մինչև դատարանի որոշումը բանավոր «մահապատժի ենթարկել տալ նրանց»։ Այսօր Ստյոպա Սաֆարյանը նույնիսկ մահապատիժը մեղմ էր համարում նրանց համար։ Նկատի ունեցեք դա ասում է հանրային խորհրդի նախագահը, ու հանրության բորբոքված կրակի վրա այս պահին վառելիք է լցնում։
Եթե շատերը չգիտեն, բայց ինքը հո գիտի՞ անմեղության կանխավարկածի մասին։ Պետք է հասկանալ սպանության դրդապատճառները՝ քաղաքակա՞ն են, թե՞ կենցաղային։ Նորից եմ ասում՝ ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե հայը նման բան անել չի կարող։ Բայց այս իրավիճակում, երբ օրեցօր աշխատանք է տարվում քայքայելու ազգային սրբությունները, արժեքները, ուզում եմ հասկանալ, թե նման հայերի փեշերը ո՞ր երկրի դարպասների տակ են․․․ Հասկանալ՝ ում տակ է նրանց պոչը։ ․․․
Թե չէ անուններ հրապարակել, ձերբակալել․․․ Այնպիսի տպավորություն է, որ աներևույթ մի ուժ ուզում է, որ մենք հրաժարվենք մեր ազգությունից էլ։ Մենք ինքներս մեզնից այնքան զզվենք, որ ասենք՝ կեցցե թուրքը։ Ու ամենաահավորը։ Այսօր ողջ իրավական համակարգը ենթարկվում է մի մարդու ու ականատես ենք լինում մի մարդու գործողության։ Նման դեպքում առաջանում է վստահության խնդիր, և իշխանությունը պիտի իմանա, որ ի վերջո, ինչպես շատ դատական գործերի ժամանակ, կանգնելու է հանրության անվստահության խնդրի առաջ։ Ամենամեղմ բառերն եմ օգտագործում։