Նրանք ընտանիքում 6֊ն են` ամեն մեկը առնվազն մեկ երաժշտական գործիք է նվագում։ Քովիդ համաճարակի ժամանակ, երբ կյանքն աշխարհում ասես կանգ էր առել, երբ ինքնամեկուսացված մարդիկ իրենց տներում փակված ձանձրանում էին, նրանք ընտրեցին մեկուսացվել ոչ թե տանը, այլ բնության գրկում, սեփական ուժերով նկարահանումներ անել, որպեսզի ձայնագրված գործերը ավելի հասանելի դարձնեն հանդիսատեսին։ Մեկը մյուսի հետևից նոր ծրագրեր էին ծնվում, դա ավելի քան զբաղված ու ստեղծագործ շրջան էր երաժշտական այդ ընտանիք֊խմբի համար։
Դաշնամուր, ֆլեյտա, թավջութակ, ջութակ, բաս կիթառ, շեփոր, հարվածային գործիքներ, վոկալ. ամենը մեկ ընտանիքում, ճաշակով համադրված ոչ միայն դասական գործերի, այլև ջազային, հայկական ժողովրդական և այլն։
Եթե նախկինում նրանց ճանաչում էին որպես օրինակելի բազմազավակ հայ ընտանիք, հարուստ` սիրով ու միաբանությամբ, գոհացող սրտերով, ստեղծագործ հոգով, ապա համավարակից հետո նրանք սկսեցին ճանաչում ձեռք բերել որպես մի յուրահատուկ երաժշտական խումբ, որը կոչվում է շատ պարզ “Գևի բենդ” ընտանիքի հոր անունով։ Գևը` նույն ինքը բազմատաղանդ երաժիշտ Գևորգ Խեչոյանը, ով այժմ թմբկահար է Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, հասցրել է արդեն սիրվել որպես երգահան։
Նրա “Երևան, սիրո խորան” երգը ժամանակին քաղաքապետարանի կողմից պատվավոր մրցանակի է արժանացել ու պարբերաբար կատարվում է մայրաքաղաքին նվիրված միջոցառումների ժամանակ։ Հայրենի Ճամբարակին նվիրված նրա երգը դարձել է օրհներգ քաղաքի համար, առանց որի ոչ մի միջոցառում չի անցկացվում քաղաքում։ Գևորգի Խեչոյանի “Վերածնունդ” փոփ֊ օպերան, որը ազգային պատմական արժեք է` հիմքում ունենալով քրիստոնեության մուտքը Հայաստան` ըստ Ագաթանգեղոսի ձեռագրերի,հեղինակի համոզմամբ ոչ հեռավոր ապագայում կբեմադրվի Երևանում։
Եվ ահա այդ ամենին զուգահեռ ծնվեց “Գևի բենդը”, ու Գևորգ Խեչոյանը իր նույնպես շնորհալի երաժիշտ կնոջ` Իռեն Խեչոյանի հետ լիովին ձեռնամուխ եղան իրենց համար այդ նոր ուղղության զարգացմանը` ստեղծագործական պոտենցիալը ուղղելով ընտանեկան յուրահատուկ նախագիծը աշխարհին ներկայացնելու շնորհակալ գործին։ Շուտով նրանք ելույթ ունենալու հրավեր ստացան հարազատ օջախում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, «Անանիա Շիրակացու» անվան ճեմարանում, ինչպես նաև հարազատ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում։
Արտերկրում նրանց ընդունում են գրկաբաց, մի փառատոնից մյուս փառատոնի հրավերներ են ստանում։ Արդեն երեք երկրում հասցրել են մասնակցել լուրջ փառատոնների ու գրավել լավագույն հորիզոնականներ։ Ամեն բան սկսվեց Թբիլիսիից, ուր նրանք մասնակցեցին WAPA – ի կողմից կազմակերպված «SUPER STAR — 2022» մրցույթ փառատոնին որը անց էր կացվում Բաթումի քաղաքում։ Շահեցին 2 Գրան պրի մրցանակ` տարբեր անվանակարգերում։ Հենց առաջին փորձը նման մեծ հաջողություն բերեց։ Դա նշանակում էր, որ նրանք կանգ չէին առնելու, որքան էլ դժվար է 6 հոգու համար ֆինանս գտնել երկրե֊երկիր գնալու համար։ Հաջորդը Բուլղարիան էր` Վելիկո Տռնովո քաղաքում անցկացվող «SILVER YANTRA» հոբելյանական 20-րդ մրցույթ փառատոնը, որին մասնակցությունը, ըստ Իռենի, մի այլ հաճույք էր, որովհետև շատ ուժեղ մրցակիցներ կային։ «FAMILY GROUP» անվանակարգում նվաճվեց 1֊ին մրցանակը, ինչը ոգեշնչեց երեխաներին ավելի լավ պատրաստվել ու հաղթանակից հաղթանակ քայլել։
Եվ ահա օրերս նրանք վերադարձան Փարիզից` «THE FESTIVAL BRIDGES IN PARIS» փառատոնում դառնալով դափնեկիր` նորից գրավելով պատվավոր 1֊ին հորիզոնականը։
14֊ ամյա Էլիսի համար զարմանալի չէր արդեն Փարիզի հաղթանակը, որը նոր, ավելի ցանկալի դռներ բացեց նրանց համար։
֊ Ես գիտեի, որ անպայման մրցանակ ենք շահելու, ուղղակի հաստատ չգիտեի, թե որ տեղը կլինենք։
Ընտանիքի ու խմբի ամենափոքր անդամը` Ռաֆայելը, ով ջութակ է նվագում, նույնպես չի զարմանում իրենց հաջողություններով։ Իմ հարցին, թե ինչն է ամենից շատ իրեն ուրախացնում այս փառատոններին մասնակցելու մեջ, անկեղծ պատասխանում է` “Տարբեր երկրներում լինելը, գեղեցիկ վայրեր գնալը”։ Բացի ավագ որդուց` Հակոբից, մյուս երեք երեխաները որոշել են ապագայում գիտությամբ զբաղվել, երաժշտական այս հաջողությունները նրանց չեն հեռացնում դպրոցական առարկաներից ու իրենց մեծ նպատակներից։
Armlife.am կայքը սրտանց շնորհավորում է մեր շնորհառատ հայրենակիցներին` նման հաջողությունների հասնելու առթիվ ու մաղթում ավելի մեծ բեմեր ու բարձունքներ։
Ողջո՜ւյն։ Մենք երաժշտական ընտանիք ենք
Armlife.am կայքի հատուկ թղթակից Գոհար Ավագյան․ Ֆրանսիա