Իլհամ Ալիևի վերջին ապակառուցողական հայտարարությունները պետք չէ կապել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Սոչիի բանակցությունների հետ: Այս մասին հակադարձելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաղորդում է «Ազատությունը»:
«Ադրբեջանի նախագահն առանձնապես աչքի չի ընկել ամբողջ բանակցային գործընթացի համատեքստում, մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կոնստրուկտիվիզմով: Դա կապել վաշինգտոնյան գործընթացի հետ, Սոչիի գործընթացի հետ կամ որևէ այլ գործընթացի հետ, կարծում եմ, իմաստ չունի», — նշեց Աղաջանյանը:
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է», — Շուշիում հայտարարել էր Իլհամ Ալիևը։
Հայաստանը երբեք նման պարտավորություն չի ստանձնել, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, վերահաստատելով պաշտոնական Երևանի նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար՝ ասաց Աղաջանյանը. — «Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել այդ հարցի վերաբերյալ և չի էլ փոխվելու»:
Ալիևը նաև զուգահեռներ էր անցկացրել Լաչինի միջանցքի ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև, ասելով՝ «երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»։
Աղաջանյանը հակադարձում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միայն մեկ միջանցքի մասին է խոսվում և դա Լաչինի միջանցքն է. — «Լաչինի միջանցքը որևէ կերպ համեմատելի չի նրա հետ, ինչը իրենք կոչում են «Զանգեզուրի միջանցք»: Խոսքը գնում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին, մեր դիրքորոշումը որևէ կերպ էդ հարցի վերաբերյալ չի փոխվել և չի փոխվելու»:
Ելույթի մեծ հատված Ալիևը հատկացրել է նաև ադրբեջանական բանակի հնարավորությունները ներկայացնելուն, ըստ էության, սպառնալով Հայաստանին նոր հնարավոր պատերազմով։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի «սեփական քաղաքականությունը»:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն արձագանքում է՝ Ադրբեջանի սպառնալից հայտարարությունները չեն կարող ազդել կամ փոխել հայկական կողմի հնչեցրած դիրքորոշումները։