Search
Close this search box.

Հայաստանի ողնաշար Նախիջեւանը Փաշինյանի ձեռքում չպետք է մնա

Պավել Դալլաքյան, Ezerk.am

ՀՀ քպ-ական ղեկավարները, խոսելով Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մասին, շրջանցում են ոչ միայն Արցախի կարգավիճակը, այլեւ ՀՀ հարավ-արեւմտյան սահմանը անմիջականորեն որոշող Նախիջեւանի պատկանելության հարցը։ Ավելորդ չէ նկատել, որ Երեւանին «հետպատերազմյա կարգավորում» պարտադրելու շրջանին գրեթե բացակայում են ՀՀ տարածքի դեմ հարձակումները Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանից: Նկատենք, որ միաժամանակ Բաքվում քայլեր են ձեռնարկվում Ինքնավարության կարգավիճակը կասկածի տակ դնելու ուղղությամբ՝ տարածքը պետության սովորական մաս որակելու հեռանկարով [Lragir, 1]: Կա, արդյոք, կապ ՀՀ վերնախավի մեղմ ասած տարօրինակ վարքի եւ Նախիջեւանին առնչվող իրողության միջեւ

Ավելի քան համոզված ենք, որ ՆԻՀ տարածքից գրոհների բացակայության պատճառների շարքին հանրային կարծիքը չի նշելու ամենակարեւորը: Իսկ ամենակարեւորը այս դեպքում՝ հայկական իրավունքն է: Իրավունքը Նախիջեւանի հանդեպ, որը, ի տարբերություն Արցախի, հստակ միջազգային կարգավիճակ ունի, որը չի չեղարկվել ԽՍՀՄ փլուզումից հետո: Այն է՝ 1920 թվականի պատերազմական գործողությունների հետեւանքով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունից օտարված տարածքի վրա Ադրբ. ԽՍՀ հովանավորության, Մոսկվա/Կարսի 1921 թվականի պայմանագրի տեքստով՝ պրոտեկտորատի ներքո կազմավորված հայկական ինքնավարության կարգավիճակ:

Եթե ներկա պայմաններում Բաքուն ոտնձգություն անի ՀՀ հարավ-արեւմտան սահմանի նկատմամբ, ուշադրություն կհրավիրի բաժանարար այդ գծի եւ դրա հետ կապված 1921 թվականի Մոսկվա/Կարսի պայմանագրերի վրա: Իսկ պայմանագրերը, անկախ դրանց գործող կամ չգործող լինելու հանգամանքից, այսինքն երկու դեպքում էլ, պաշտոնական Երեւանի առջեւ մանեւրելու անսպառ հնարավորություն են բացում: Սա ասել ենք դեռ 2020-ի պատերազմից առաջ: 2020-ի աշնանը կրած այսպես կոչված պարտությունը ոչինչ չի փոխել: Սա դիվանագիտական Էլդորադո է, եթե, անշուշտ, երկիրը ԱԳՆ ունի եւ առաջնորդվում է ազգային շահի պրիմատով:

Դիտարկենք Մոսկվա/Կարսի պայմանագրերի գործող կամ չգործող երկու վիճակները. Պայմանագրերը գործում են: Այսպիսով, Նախիջեւանը պրոտեկտորատ եղել եւ մնացել է: Ինչպես խորհրդային շրջանին, այնպես էլ դրանից հետո Բաքվի իրավասությունը Նախիջեւանի հանդեպ սահմանափակումներ ուներ եւ այն Բաքվի սուվերեն իրավունքների լիակատար գործադրման միավոր չէ: Այլ կերպ ասած, ՀՀ հարավ-արեւմտյան սահմանը ներկայիս Ադրբեջանական Հանրապետության սահման չի հանդիսանում: Ընդ որում, Նախիջեւանը հայկական ինքնավարություն է:

Առաջանում է հարցերի ա/ խումբը: Ինչու այնտեղ գեթ մեկ հայ չկա, երկրամասը չի ղեկավարվում հայ նահանգապետի կողմից, ինչու հողին են հավասարված հայկական մշակությային եւ կրոնական բոլոր հուշարձանները, ինչու են Բաքվի իշխանությունները խոչընդոտում նախկին Ադրբ. ԽՍՀ-ից հարյուր հազարավոր հայ փախստականների հայրենադարձությանը, ինչու այդ նպատակով չեն ձեռնարկում իրենց զորքերի եւ ներկա բնակչության տարհանումը երկրամասից:

Իսկ եթե կողմերից մեկը չի ճանաչում Մոսկվայի/Կարսի պայմանագիրը, կամ դրանք սպառել են իրենց ժամկետը: Ավելացնենք, որ Բաքուն իրեն չի համարում Ադրբ. ԽՍՀ իրավահաջորդ, այսինքն, պետք է ենթադրել նաեւ Մոսկվա/Կարսի պայմանագրերի կողմ: Հարց բ/. այդ դեպքում ինչու՞ է Ազգերի Լիգայի կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքային միավորը՝ Նախիջեւանը, այս պահին օտարված հայկական պետությունից:

1921 թվականի պայմանագրերը, անկախ դրանց գործող կամ չգործող լինելու հանգամանքից, այսինքն երկու դեպքում էլ, պաշտոնական Երեւանի առջեւ մանեւրելու անսպառ հնարավորություն են բացում

Բաքվի նեղ վիճակը դիտարկելիս կարիք կա մեկ հանգամանք եւս հաշվի առնել: Այսպես կոչված Շուշիի դեկլարացիայի հրապարակման արարողությանը՝ 2021-ի հունիս 15-ին, Բաքվի ղեկավար Ալիեւը ԹՀ նախագահ Էդողանի ներկայությամբ երկու անգամ նշեց [Oxu.az, 2], որ Արցախի եւ, մասնավորապես, Շուշիի պատկանելությունը Ադրբեջանին բխում է 1921 թվականի Կարսի պայմանագրից: Այլ կերպ ասած, Բաքուն հղում է Մոսկվա/Կարսի պայմանագրերին, որոնք չի ճանաչում: Թե՞, այդուհանդերձ, ճանաչում է: Այդ դեպքում ինչու Նախիջեւանը հայկական ինքնավարություն չէ, ինչու չի հարգվում պայմանագրերի այդ բաժինը: Վերադառնում ենք հարցերի ա/ խմբին: Դժվար չէ նկատել, որ Մոսկվա/Կարսի դիլեման ծառանում է Բաքվի առջեւ ոչ միայն խիստ իրավաբանական քննման ժամանակ, այլ նույնիսկ վերջինի ցանկությունների ձեւակերպման ընթացքում: Այդ իմաստով, Նախիջեւանը իսկական ականապատ տարածք է, որի «քարտեզները» թշնամուն են հանձնում ՀՀ ներկայիս իշխանությունները:

Կարեւոր է եւս մեկ հանգամանք, որ ունենալու է ոչ միայն իրավական հետեւանքներ, այլեւ պարունակում է հսկայական բարոյա-հոգեբանական լիցք: Շուշիի պատկանելությանը վերաբերող Ալիեւի նշումը կարող է վերաբերել միայն պայմանագրերի չհրապարակված, առօրյա բնորոշմամբ՝ գաղտնի հոդվածներին կամ հավելվածներին: Այս հանգամանքը էլ ավելի է ընդլայնում պաշտոնական Երեւանի կարողությունը: Ինչպե՞ս է նայում ՀՀ Արտգործնախարարությունը Հայաստանի ներկան ու առավելապես ապագան պայմանավորող գաղտնի արձանագրությունների հայտնաբերման եւ հրապարակման խնդրին: ՀՀ ԱԳՆ կառույցը գոյություն ունի, որքան մեզ հայտնի է: Ահա եւ հարց գ/:

ՀՀ եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատմանը առնչվող Նախիջեւանի խնդրի արծարծումը իր հետեւից բերում է նաեւ ՀՀ Թուրքիայի հետ սահմանը օկուպացված Կարսից արեւմուտք տեղափոխելու հարցը՝ նաեւ Արարատի հարցը: Խոսքը լեռան մասին է: Ահա թուրքական կառավարության կողմից ամիսը մեկ հետեւող խրախուսական ռեպլիկների դրդառիթը, որ հնչում են մերթ Նիկոլ Փաշինյանի, մերթ Արարատ Միրզոյանի հասցեին՝ ապրեք ազիզ բալեք, ճիշտ ուղու վրա եք, ի՞նչ Նախիջեւան, կեցցե ամուր եւ հարատեւ խաղաղությունը:

Առանձին հիշատակենք Փաշինյանի կառավարության կողմից առաջադրված այսպես կոչված ԱՊՀ իրավական հիմքը: Այն տեսքով, որով դա ներկայացվում է, նախկին ԽՍՀՄ երկրները անտեսում են թե իրենց միջազգային պարտավորությունները, թե ժամանակին բուն ԽՍՀՄ կողմից սահմանված՝ ինքնավար միավորներ պարունակող հանրապետությունների սեցեսսիայի, այսինքն Միությունից անջատման վերաբերող օրենքներից բխող սահմանային իրադրությունը: Այլ կերպ ասած, ԱՊՀ հետ կապված որեւէ իրավական ակտ իրավազոր համարել չի կարելի: Սովորական տնայնագործական մակարդակի հիմնավորումներ են:

Բացի այս արձանագրումից, կարեւոր է նաեւ այն, որ Ադրբեջանական Հանրապետությունը ժխտում է Ադրբ. ԽԱՀ իրավահաջորդությունը: Այդ դեպքում ինչ կապ ունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը նախկին Ադրբ. ԽՍՀ եւ այդ միավորը ներառող ԽՍՀՄ հետ, որի լուծարման հետեւանքով էլ առաջացել է ԱՊՀ կոչվածը: Եթե կամենաք, կարելի է ձեւակերպել նաեւ դ/ հարցը՝ ՀՀ փաշինյանական Կառավարությանը եւ, հատկապես, ԱԳՆ-ին:

Նախիջեւանի խնդրի արծարծումը իր հետեւից բերում է նաեւ ՀՀ Թուրքիայի հետ սահմանը օկուպացված Կարսից արեւմուտք տեղափոխելու հարցը՝ նաեւ Արարատի հարցը

Բնականաբար, բոլոր այս իրավական հանգամանքները հայտնի չեն եւ, խիստ մոտեցմամբ, նույնիսկ չպետք է հայտնի լինեին հայ լայն հանրությանը: Դրա փոխարեն, դրանք անշուշտ պետք է հայտնի լինեն ՀՀ կառավարությանը: Խնդիրը, ցավոք, ավելի լայն է: Ոչ միայն նրբությունները, այլեւ հայկական իրավունքը որպես ինստիտուտ դուրս է մնացել հանրային կյանքից: Նման վիճակը պարարտ հող է ստեղծում Փաշինյանի մեղմ ասած սպեցիֆիկ կառավարության համար՝ անշեղ իրագործելու 2018 թվականին ստանձնած «առաքելությունը», որի պատկերը մենք հիմա տեսնում ենք նորանոր մանրամասներով:

ՀՀ Կառավարությունը համարում է Կարսի պայմանագիրը ժամկետը սպառվա՞ծ, թե դենոնսացված: Երբ է դենոնսացրել, իրավական ինչ պրոցեդուրայով: Ինչու չգիտենք: Անդրկուլիսյան ինչ համաձայնություններ են կնկվել պայմանագրերի ժամկետի սպառման շուրջ: Սրանք հարցեր են, որ պիտի տրվեին ընդդիմության կողմից, ընդ որում անկախ պառլամենտում ներկայացված լինելու կամ չլինելու հանգամանքից: Այս հարցերը երբեւէ չեն հնչում: Սա բնորոշում է ընդդիմության ողջ սպեկտրը, նախկին նախագահներից սկսած մինչեւ անկախության այսպես կոչված ռահվիրաները ու կրակապաշտությամբ հրապուրվածները:

Ակնհայտ է կառավարություն-ընդդիմություն տանդեմի գոյությունը եւ վերջինիս ձգտումը «թռնել» գոյություն ունեցող իրավական իրողությունների վրայով: Նման քայլ կատարելիս միշտ պետք է նկատի ունենալ, որ հակադիր կողմը հնարավորություն է ստանում իր հետագա ագրեսիվ քայլերը փաստարկել «հետպատերազմյա կարգավորման» ընթացքում իրավական նիհիլիզմի ոգով կողմերի թույլ տված «անճշտություններով»: Բացի տարածքային հսկայական կորուստներից, բացի Ադրբ. ԽՍՀ-ից կես միլիոն եւ նույնքան ՆԻՀ-ից փախստականների համար հայրենի հողի վրա բնակվելու հնարավորության կորստից, բացի Հայաստանի իրական պաշտպանական ողնաշարի ջախջախումից, մեծ ական է դրվում ՀՀ գոյության իրավական հիմունքների տակ, առհասարակ:

Այս լույսի ներքո, Փաշինյանի կառավարության գործողությունները Ադրբեջանական Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման ծիրում կրում են, ինչպես նշեցինք արդեն, մեղմ ասած կասկածելի բնույթ: Ամենայն հավանականությամբ, խոսքը ժողովրդի լայն զանգվածներին մանիպուլյատիվ եղանակներով մոլորեցնելու պայմաններում անդրկուլիսյան համաձայնությունների մասին է: Փաշինյանի խմբակի, դրա ընդդիմադիր հենակների եւ «ազատ» մեդիա-գովերգուների գործունեությունը ծանր, գրեթե անհաղթահարելի հետեւանքներ է ունենալու ետնիկոլական շրջանում երկրի ղեկավարությունը ստանձնող ուժերի համար:
lragir.am

Please enter a valid URL