NewDay.am-ը գրում է. Հոկտեմբերի 31-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական անգամ հանդիպել է ադրբեջանցիների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Իսահակի աղբյուր»-ի խաչմերուկին՝ (Իսաբուլախ) ռուս խաղաղապահների անցակետում։
NewDay.am-ի թղթակիցը Արցախից Երևան վերադառնալու ճանապարհին տեսել էր, որ Վիտալի Բալասանյանի մեքենան կանգ է առել նշված վայրում, որտեղ կանգ են առել նաև ադրբեջանական համարնիշներով երեք մեքենաեր։ Վիտալի Բալասանյանը ձեռքով բարևելուց հետո շփվել է ադրբեջանցիների հետ ռուս խաղաղապահների ներկայությամբ։
Այլ մեքենաների նշված տարածքում թույլ չեն տվել կանգ առնել, ռուս խաղաղպահներն անձնագրերը ստուգելուց հետո հորդորել են արագ հեռանալ տարածքից։
Ռուս խաղաղպահների տեղակայման վայրերում նկարահանումները արգելված են։
NewDay.am-ը կապ էր հաստատել ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ, որտեղից հորդորել էին հարցերը գրավոր ուղարկել։
Գրավոր հարցմանն ի պատասխան ԱՀ ԱԽ-ից հանդիպման փաստը չեն հերքել։
«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի բոլոր հանդիպումները, այդ թվում Ձեր կողմից նշվածը, տեղի են ունենում իրեն վերապահված լիազորությունների և իրավասությունների շրջանակներում։
Դրանք բացառապես իրականացվում են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ/ներկայությամբ և վերաբերում են Արցախի Հանրապետության անվտանգային խնդիրներին »,-նշված է գրավոր պատասխանի մեջ, որը ներկայացվել է ԱՀ ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղար Հրայր Հակոբյանի անունից։