Search
Close this search box.

Զելենսկին ասել է` ինչ պայմաններով կբանակցի Ռուսաստանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար Ուկրաինայի պայմանները արևմտյան ԶԼՄ–ների այն հաղորդագրություններից հետո, թե Կիևին Ռուսաստանի հետ երկխոսության են դրդում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Զելենսկին հրամանագիր էր ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու անհնարինության վերաբերյալ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու մասին։ Նա նաև հայտարարել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ որևէ բանակցություն չի վարի, քանի դեռ ՌԴ նախագահն է Վլադիմիր Պուտինը։

«Եվս մեկ անգամ` տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ–ի կանոնակարգի հարգում, պատերազմի հասցրած բոլոր վնասների փոխհատուցում, յուրաքանչյուր ռազմական հանցագործի պատժում և երաշխիքներ, որ այդ ամենը չի կրկնվի։ Սրանք բավական հասկանալի պայմաններ են», – Telegram–ում տեղադրված ուղերձում ասել է Զելենսկին։
Իտալական la Repubblica թերթն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն քննարկում են այն պայմանները, որոնց պարագայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր է վերսկսել երկխոսությունը։

Washington Post–ը, հղում անելով քննարկմանը քաջատեղյակ մարդկանց, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կարգով Ուկրաինայի ղեկավարությանը խնդրում է պատրաստակամություն ցուցաբերել Ռուսաստանի հետ բանակցելու համար։
Պարբերականը հայտնել է, որ ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին ամիսների ընթացքում կոնֆիդենցիալ բանակցություններ է վարում ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

Պարբերականի աղբյուրի համաձայն` բանակցությունների նպատակը Ուկրաինայում հակամարտության սրացումը, այդ թվում միջուկային զենքի կիրառման սպառնալիքը կանխելն է, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ուղիների հասանելիության պահպանումը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել էր, որ ՌԴ–ն շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հետ բանակցելու համար, սակայն ներկա պահին բանակցությունները շարունակելու հնարավորություն չկա, քանի որ Կիևում ուժի մեջ է մտել ռուսական կողմի հետ որևէ բանակցությունների անհնարինության օրենքը։

Please enter a valid URL