Նոյեմբերի 8-ին տեղի կունենա 2022 թ․ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը՝ Արյունոտ լուսինը, որը կտևի 85 րոպե։ Ամբողջական խավարման ժամանակ Լուսինը կլինի կարմրավուն՝ գրեթե պղնձագույն տեղեկացնում է Space.com-ը։
Լուսնի ամբողջական խավարումը տեղի է ունենում, երբ լիալուսինը հայտնվում է Երկրի խորը ստվերում, այսինքն՝ երբ Երկիր մոլորակը փակում է արևից Լուսնին հասնող լուսի ճանապարհ և Լուսինն ստանում է միայն Երկրի մթնոլորտում նախապես ֆիլտրված լույսը։
Որտեղից տեսանելի կլինի խավարումը
Ամբողջական խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի որոշ մասերից:
Իսլանդիայից, Հարավային Ամերիկայի որոշ հատվածներից, Հարավային և Կենտրոնական Ասիայից, Ռուսաստանից, Արևելյան Բրազիլիայից, Արգենտինայից, Հյուսիսային Սկանդինավիայից և Մերձավոր Արևելքից տեսանելի կլինի լուսնի մասնակի խավարումը։
Նոյեմբերի 8-ին՝ արևելյան ստանդարտ ժամանակով (EST) 04:44 (Երևանի ժամանակով 13։44) կսկսի Լուսնի մասնակի խավարումը։ Ապա ժամը 05։17 EST (Երևանի ժամանակով 14։17) կսկսվի Լուսնի ամբողջական խավարումը, որը կտևի մինչև 6։42 EST (Երևանի ժամանակով 15։42)։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի մինչև 08:05 EST (Երևանի ժամանակով 17:05)։
Հայաստանից երևալու է Լուսնի մասնակի կիսաստվերային խավարման փուլը, ինչը, Լուսնի խավարման ամենաթույլ տեսանելի փուլն է: Խավարման ողջ ընթացքում Լուսնի կողքին հնարավոր կլինի նաև տեսնել յոթերորդ մոլորակը՝ Ուրանը:
Ինչո՞ւ է Լուսինն այդքան կարմրում
Չնայած իր ստացած մականվանը՝ «Արյունոտ լուսին», ամբողջովին խավարած Լուսինն ավելի շուտ նարնջագույն-պղնձագույն կարմրավուն գույն ունի, այլ ոչ թե արյան կարմիր գույն:
Լուսնի ամբողջական խավարման ժամանակ լիալուսինն առաջինն անցնում է Երկրի ոչ խորը՝ արտաքին ստվերով (մնալով մոխրագույն, բայց դառնում է ավելի մուգ), այնուհետև հայտնվում է Երկրի խորը ստվերի մեջ: Այս ընթացքում լուսին հասնող միակ արևի լույսն անցնում է Երկրի մթնոլորտով, և Լուսնի մակերեսը դառնում է կարմիր՝ Ռեյլի ցրման պատճառով:
Կարմիր, նարնջագույն և դեղին լույսն ունեն ամենաերկար ալիքները, ուստի այս լուսային ալիքները Երկրի մթնոլորտով ճանապարհորդելիս ավելի քիչ մասնիկների են բախվում՝ ի տարբերություն կապույտ լույսի, որն ավելի կարճ ալիքներ ունի: Որքան շատ փոշի կամ ամպ լինի Երկրի մթնոլորտում խավարման ժամանակ, այնքան Լուսինն ավելի կարմիր տեսք կունենա։
Ինչպե՞ս կարելի է դիտել Լուսնի խավարումը
Ի տարբերություն արևի խավարման, որը դիտելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ ակնոց, Լուսնի խավարումը լիովին անվտանգ է անզեն աչքով դիտելու համար: Նաև, ի տարբերություն արևի խավարման, որի դեպքում խավարման ամբողջ ցիկլը տևում է ընդամենը մի քանի րոպե, Լուսնի խավարումը շատ ավելի երկար է տևում։
Նոյեմբերի 8-ին Լուսնի խավարումը կտևի մի քանի ժամ։ Ամբողջական խավարումը կտևի 85 րոպե, իսկ մասնակի խավարումը՝ երկու ժամ։
Լուսնի խավարումը դիտելու համար խորհուրդ է տրվում առնվազն մեկ ժամ առաջ դուրս գալ, որպեսզի նախ տեսնեք մասնակի խավարումը, ապա՝ ամբողջականը։
Երբ տեղի կունենա Լուսնի հաջորդ խավարումը
Նոյեմբերի 8-ի խավարում 2022-ին լուսնի երկրորդ ամբողջական խավարումն, է առաջին տեղի է ունեցել մայիսի 16-ին։ Լուսնի ևս երկու խավարում տեղի կունենա 2023թ․։ Առաջինը տեղի կունենա մայիսի 5-6-ը և տեսանելի կլինի Արևելյան Եվրոպայից, Անտարկտիդայից, Ասիայի մեծ մասից, Ավստրալիայից, Աֆրիկայից, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսից, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներից:
Լուսնի մյուս (մասնակի) խավարումը տեղի կունենա հոկտեմբերի 28-29-ին։ Այն տեսանելի կլինի առնվազն մասամբ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից, Հյուսիսային և Արևելյան Հարավային Ամերիկայից, Արկտիկայից, Անտարկտիդա և Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներից:
2024 թ․ մարտի 25-ին լուսնի մասնակի խավարումից և 2024 թ․ սեպտեմբերի 18-ին Լուսնի մասնակի խավարումից հետո Լուսնի հաջորդ ամբողջական խավարումը տեղի կունենա 2025 թ․ մարտի 14-ին: Ամբողջական փուլը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից և Խաղաղ օվկիանոսից: , որոշ փուլերով տեսանելի են Եվրոպայից, Աֆրիկայից և Ասիայից: