Search
Close this search box.

Աշոտյանին վաղը ուզում են «մասկի շոուով» ձերբակալել․ փաստաբան

ՀՀ քննչական կոմիտեից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այս պահին հարցաքննության ծանուցագիր չի ուղարկվել, բայց ունենք տեղեկություններ, որ վաղը կամ մյուս օրն իրենց կողմից «մասկի շոու» կկազմակերպվի ու կբռնեն, հույս ունենանք, որ այդ տեղեկություններն իրականություն չեն դառնա»։ Այս մասին «24News»-ին տեղեկացրեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը`անդրադառնալով այն լուրերին, որ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կա:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` օրերս բժշկական համալսարանի համար նախատեսված գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև՝ ազատ արձակել։ Նույն քրեական գործով վկայի կարգավիճակով անցնում է նաև Արմեն Աշոտյանը։

Փաստաբանի խոսքով՝ Արմեն Աշոտյանն այս գործով, որպես վկա, մի քանի անգամ հարցաքնվել է: Աթանեսյանն ընդգծեց, որ շատերն են այս գործով հարցաքննվել, ինքը՝ փաստաբանը, արդեն 4 տարի է՝ այդ գործով զբաղվում է, այս ընթացքում, որպես փաստաբան, տարբեր մարդկանց է ուղեկցել հարցաքննության:

Աթանեսյանի տեղեկություններով, այս գործով բժշկական համալսարանի աշխատակիցներից մեկ անձ ձերբակալվել է: «Այս գործը փուչիկ է, իրավաբանական դատարկություն, մարդկանց փորձում են մեղադրել գումարի վատման մեջ, բայց գումարի վատնումը նշանակում է գումարի անվերադարձ կորուստ, իսկ տվյալ դեպքում՝ գումարի դիմաց ձեռք է բերվել անշարժ գույք, որն արժե ավելի թանկ, քան ձեռք է բերվել: Հետևաբար՝ վատման մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Երբ գործը իրավաբանորեն դատարկություն է, հասկանում ես, որ պատճառները այլ դաշտում են: Պարոն Աշոտյանը գտնում է, որ իր նկատմամբ փորձ է արվում քաղաքական հետապնդում իրականացնել»,- ավելացրեց Աթանեսյանը:

Please enter a valid URL