ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ տարբեր ավտոմեքենաներով առանց հատուկ թույլտվության կազմակերպվել և իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ապօրինի գործունեությունն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ-ն և Գ. Ե-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա. Ս-ի հետ: Վերջինս, տեղեկանալով առանց հատուկ թույլտվության վերոհիշյալ գործունեության մասին, Ս. Հ-ի և Գ. Ե-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` առերևույթ վարչական իրավախախտումը չկանխելու և չբացահայտելու համար, նրանցից պահանջել է կաշառք: Արդյունքում Ս. Հ-ն և Գ. Ե-ն 2021թ. դեկտեմբերից 2022թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել և Ա. Ս-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս-ի էլեկտրոնային դրամապանակին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս. Հ-ին և Գ. Ե-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-րդ մասով:
03.11.2022թ-ին Ա. Ս-ն, Ս. Հ-ն և Գ. Ե-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:
04.11.2022 թ-ին Ա. Ս-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: