«Խաղաղության պայմանագիրը» ենթադրում է Հայաստանի Հանրապետության տարածքի վերականգնում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Հարցին, թե իշխանությունները պատրաստվո՞ւմ են «խաղաղության պայմանագիր» ստորագրել այն պայմաններում, երբ Բաքվի զորքերը օկուպացրել են ՀՀ տարածքը, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Գիտեք, որ խաղաղության պայամանագրի գործընթաց կա։ Բազմաթիվ անգամ ասվել է, որ այդ տարբերակը հարցերի հանգուցալուծման ճիշտ լուծում է։ Բայց նաև պարբերաբար նշվել է, որ խաղաղության պայմանագիրը ենթադրում է մեր տարածքի վերականգնում»,- ասաց նա։ Սանոսյանը նաև հավելեց, որ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով թշնամին օկուպացրել է տարածքներ Գեղարքունիքի մարզում, Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում և Սյունիքի Ներքին Հանդում։