Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում առաջացած ճաքերին: Այս հատվածը կառուցել է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը և շահագործման է հանձնել նախորդ տարի:
«Պետք է պատասխան տա շինարարը, քանի որ դեռ երաշխիքային սպասարկման մեջ է ճանապարհը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը նշեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է շինարարության ընթացքում, եթե լաբորատոր փորձարկումները ցույց տան, որ աշխատանքը վատ է արված, շինարար ընկերությունը պարտավորվում է շտկել այն:
Նշենք, որ այս ճանապարհի մեկ կմ կառուցման համար 2 մլն դոլար է ծախսվել, և այն Հայաստանի համար տնտեսական ու ռազմավարական նշանակություն ունի:
«Այդ կարգի շինարարության համար 2 մլն դոլարը մեծ գումար չէ, կարող է և ավելի լինել: Որակն առաջնահերթ է, ըստ ներկայացրած փաստաթղթերի՝ վերահսկողության հարցում թերացումներ չեն եղել»,- ասաց նախարարը:
Ստացվում է, որ ինչպես նկատել է ֆեյսբուքյան մի օգտատեր «Իսպանական գյաջն էլ մեր երկրում յոլա չի գնում, պոկվում՝ արտագաղթում ա»: