Search
Close this search box.

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի չեմպիոն է

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ հենացատկի վարժության մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:

Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Լիվերպուլի մարզապալատում Արթուր Դավթյանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացվեց եռագույն դրոշը:

Արթուր Դավթյանը փայլուն մրցելույթով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

30-ամյա մարմնամարզիկը 15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ ֆիլիպինցի Կառլոս Էդրիել Յուլոն (14.950), բրոնզե մեդալակիր՝ Ուկրաինան ներկայացնող Իգոր Ռադիվիլովը (14.733):

Արթուր Դավթյանը անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում եւ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնը հենացատկի վարժությունում:

Որակավորման փուլում Դավթյանը վաստակել էր 14.900 միավոր եւ առաջին տեղից դուրս եկել եզրափակիչ:

Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։

Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։

Ամուսնացած է, ունի դուստր։

Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն:

2021 թվականի ապրիլի 24- ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նժույգ թափեր վարժությունում հռչակվեց չեմպիոն եւ անմոռուկով կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։

Մասնակցել է Լոնդոն-2012, Ռիո-2016 եւ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:

2021 թվականի օգոստոսի 2-ին Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 41 տարի անց Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձավ հենացատկի վարժությունում:

2022 թվականին դարձել է աշխարհի գավաթակիր, իսկ Եվրոպայի առաջնությունում հենացատկի եզրափակիչում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Please enter a valid URL