Փաշինյանի քպ-ական խմբակն՝ իր քաղաքականության «անկախ» սազանդարներով, եւ նրա «տիտղոսակիր ընդդիմությունը»՝ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը հարակից ռուսանպաստ մեդիա-փորձագետների խմբերով, ձեռք-ձեռքի Հայաստանը տանում են անէացման, հայկական իրավունքները եւ դրանք պաշտպանելու հնարավորությունները վերացնելու ճանապարհով, «կեցցե նոյեմբերի 9-ը» կարգախոսի, այն է՝ պարտության դրոշի տակ
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի փայլուն ելույթից զատ, նոյեմբերի 5-ին Հայաստան դաշինքի հանրահավաքում հնչած «ծրագրային» ելույթները հաստատում են վերոբերյալ պնդումը։ Որոնք են գլխավոր թեզերը․
«Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափը և Արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր: Դա միջազգային արկածախնդրություն է և միայն կորուստներ է բերում մեզ»։
.«Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում: Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը, ինչը չի կարելի թույլ տալ»։
.«Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը»:
.«Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը»:
Ինչպես տեսնում ենք, այս թեզերը չեն տարբերվում Փաշինյանի հայտարարություններից։ Հիմնական ուղերձը հետեւյալն է՝ «հայ-ադրբեջանական եւ Արցախի խնդիրների կարգավորումը», սահմանազատումն ու հաղորդակցությունների բացումը պետք է մնա ռուս-թուրքական ծրագրերի ծիրում։
Մեկ այլ համընկնում էլ կա՝ խնդիրների «տարանջատումը», ինչը Փաշինյանի կողմից խնդիրների ու բանակցային նյութի նենգափոխման կրկնությունն է։ Ընդհանրապես, բացի Բագրատ Սրբազանի ելույթից, հանրահավաքի ելույթներում Արցախը նրբորեն անջատվում է Հայաստանից, այն ինչ-որ տեղ հայաբնակ տարածք է, «Հայաստանի զավակը», եւ այլն։
Սովետական քարտեզներով սահմանազատումը նշանակում է Արցախի ճանաչում որպես «Ադրբեջան»։ Այս հանգամանքը թաքցնելու համա՞ր է այդ տարանջատումը։
lragir.am