Search
Close this search box.

Որդին կասկածվում է մորը դաժան ծեծի ենթարկելու և նրան կյանքից զրկելու մեջ

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 15։15-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի բազմակի շրջանների սալջարդ, կապտուկներ, հեմատոմաներ, ձախից դեմքի, արմնկային շրջանի, ճաճանչոսկրային հոդի, դաստակի, զույգ ծնկների առաջնային մակերեսների շրջանների ջնջխված վերքեր, կայացած ձախ ակնագնդի արյունահոսություն, ԳՈՒՏ, ուղեղային կոմա» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Արդեն հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 73-ամյա Սոնիկ Ղ․-ն էր։ Հարազատների հետ զրույցում նրանք պարզել են, որ վերջինս վնասվածքները ստացել է ծեծի հետևանքով։ Երեկ՝ կեսգիշերին մոտ, ոստիկանները Սոնիկ Ղ․-ին, ապօրինաբար՝ կյանքից զրկելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով՝ ձերբակալել և ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 43-ամյա Վասակ Ղ․-ին, ում այնուհետև ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Կայքի տեղեկություններով՝ Վասակ Ղ․-ն մահացած կնոջ որդին է և այս պահին գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL