Oրերս Հայաստանի ԱԳՆ է կանչվել Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ Այս մասին գրում է bagramyan26-ը` հղում անելով իր աղբյուրին:
Բելառուսի դեսպանին փոխանցվել է հայկական կողմի դժգոհությունն ու մտահոգությունը՝ կապված նախագահի, ինչպես նաև Բելառուսի այլ պաշտոնյաների հայտարարությունների հետ,որոնք դաշնակցային բնույթ չեն կրում։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպմանը երկար խոսել է հայ-ադրբեջանական հակամարտությունից՝ ասելով, թե այդ հակամարտությունը պետք է ավարտել: Միջնորդի դերում նա տեսնում է միայն Ռուսաստանին։
«Որոշակի խաղեր են ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղեր են, թե ինչու են Եվրամիությանը ներքաշել այնտեղ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Հասկանալի է չէ՞ ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջորդ կա», — հայտարարել է նա։
Լուկաշեկոն դեմ է նաև ՀԱՊԿ-ի մասնակցությանը, նրա խոսքերով. «Ասես ուրիշ զբաղվելու բան չկա»։
Հայ-ադրբեջանական սահմանի լարված հատվածներում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք, Եվրամիության քաղաքացիական դիտորդները Հայաստանի տարածքում հետևում են իրավիճակին, ԵԱՀԿ-ից ևս առաքելություն ուղարկելու հարց կա, իսկ ՀԱՊԿ-ը գործնական որևէ քայլի չի դիմել կազմակերպության անդամ Հայաստանին պաշտպանելու օգնելու համար։