ՀՌԿԿ Հայաստան կազմակերպությունը ներկայացրել է «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության» արդյունքները։
Տարբեր անձանց կամ հաստատությունների կոռուպցիոն վարքագծի ընկալումները դիտարկելիս և 2019 թ. արդյունքների հետ համեմատելիս նկատելի է, որ պատկերը, ընդհանուր առմամբ, վատթարացել է։ Սա հնարավոր է, որ պայմանավորված է ընդհանուր առմամբ հեղափոխությունից հետո չարդարացված սպասումների և հասարակական վերաբերմունքի փոփոխությամբ, ինչպես նաև հետպատերազմյան ապատիայի։ Օրինակ՝ «Կովկասյան Բարոմետրը»2 (2021) ցույց տվեց, որ վստահությունը կառավարության և հանրային ինստիտուտների նկատմամբ նվազել է. Ազգային ժողովի նկատմամբ վստահությունը նվազել է 2019 թ. 30%-ից դառնալով 16%՝ 2020-ին, վարչապետի նկատմամբ վստահությունը 71%-ից դարձել է 14%, նախագահի նկատմամբ վստահությունը՝ 78%-ից 31%, դատարանների նկատմամբ՝ 22%-ից 17%, ոստիկանության նկատմամբ՝ 51%-ից 22%, իսկ ԶԼՄ-ները դարձել են ամենաքիչ վստահելի ինստիտուտը (29%-ից 3%)։
Այսպես, օրինակ, նախկինում (2019) մարդկանց 12%-նէր կարծում, որ դատարաններն ու դատախազությունը մեծապես կոռումպացված են, իսկ այժմ նույն տեսակետն ունի հարցվածների 32,5%-ը։ Նույն պատկերն է ԶԼՄ-ների և Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հարցվածների արտահայտած կարծիքներում։ Մինչ 2010թ. հետազոտական արդյունքներում ԶԼՄ-ներն ու Հայ առաքելական եկեղեցին չեն բնութագրվել որպես կոռումպացված կառույցներ, իսկ 2019 թ.-ից սկսած վերջիններս հանրության կողմից դիտարկվում են որպես կոռումպացված կառույցներ։ Մոտ 29%-ը 2019 թ.-ին և 51%-ը 2021 թ.-ին կոռումպացված են համարել Հայ առաքելական եկեղեցին, իսկ մոտ 43%-ը 2019 թ.-ին և 69%-ը 2021 թ.-ին՝ ԶԼՄները: Հետաքրքրական է, որ, եթե 2019 թ.-ին հարցվածների 75%-ը համարում էր, որ ՀՀ վարչապետը և նրա աշխատակազմը բնավ կոռումպացված չեն, ապա այժմ այդ նույն կարծիքն ունի հարցվածների միայն մեկ երրորդը (34%): Կոռումպացվածության ամենացածր վարկանիշն ունի Մարդու իրավունքների պաշտպանը (օմբուդսմենը)։
Հարցվածների գրեթե 52%-ը կարծում է, որ վերջինս կոռումպացված չէ, ինչն էականորեն ավելին է 2019 թ. համեմատ (նախկինում 36%-ն էր այդ կարծիքին)։ Ինչ վերաբերում է ծառայությունների և ոլորտների կոռումպացվածությանը, ապա հարցվածների մոտ 55%-ը կոռուպցիան տարածված է համարել առողջապահության ոլորտում։ Կոռումպացված լինելու տեսանկյունից, ըստ քաղաքացիների, երկրորդ տեղում է լրատվությունը (22,6%), ապա ընտրական գործընթացները (21,4%) (ընտրահանձնաժողովներ, ընտրացուցակներ, քվեաթերթիկների հաշվարկ և այլն)։ Հարցվածների մոտ 76%-ը համարել է, որ կոռուպցիան տարածված չէ կապի ոլորտում (հեռախոսակապ, ինտերնետ տրամադրողներ և այլն), մոտ 73%-ը՝ կոմունալ ծառայություններում (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), իսկ 50%-ից ավելին՝ համայնքային ծառայություններում (աղբահանություն, հողհատկացում և այլն)։
Հարցվածների ընկալմամբ կոռուպցիայի տարածմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանրության կողմից օրենքներին չհետևելը (16%), օրենքների անկատարությունը (15%), տնտեսական ծանր վիճակը/աղքատությունը (14%) և պետության կողմից օրենքների կիրառումը չապահովելը (14%)։ Ի պատասխան այն հարցի, թե որը կլինի կաշառք տվողի կոռուպցիոն գործելակերպի հիմնական շարժառիթը, հարցվածների 45%-ից ավելին նշել է, որ խնդիրը լուծելու այլ՝ օրինական, տարբերակ չկա, կամ նման գործելակերպի շարժառիթը կարող է լինել խուսափելն օրենքով սահմանված ավելի խոշոր վճարումներից (մոտ 43%), ինչպես նաև խուսափելը պատժից/տուգանքից/ այլ պատասխանատվությունից (34,3%):