Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2023-ի հուլիսից նվազագույն կենսաթոշակը կդարձնենք 36 հազար դրամ

2023թ–ին ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 000 դրամի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով`ավելացումը նախատեսվում է 2023թ–ի հուլիսի 1-ից։ Նվազագույն թոշակի չափը կավելանա 4 400 դրամով` ներկայիս 31 600 դրամից հասնելով 36 000–ի։
«Ասեմ, որ նախատեսվում է վերանայել աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման ձևը` 1 տարվա ստաժի համար սահմանելով մեկ արժեք` 525 դրամ` ներկայիս 500 դրամի փոխարեն։ Զինվորական ծառայության 1 տարվա արժեքը կսահմանվի 1700 դրամ` ներկայիս 1600 դրամի փոխարեն։ Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը 1-ին կարգի հաշմանդամության համար կհասցվի 50 600 դրամի` ներկայիս 46000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամի համար` 41 400 դրամ` 36 000 դրամի փոխարեն և 3-րդ խմբի հաշմանդամի համար 38000 դրամ` այժմ գործող 33 000 դրամի փոխարեն»,– ասաց նախարարը։

Զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023թ–ի հուլիսից կդառնա 38000 դրամ` ներկայիս 33 000 դրամի փոխարեն։
ՀՀ 89 629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։

Սոցիալական այս և այլ ծրագրերի ֆինանսավորման ավելացման արդյունքում 2023թ–ի պետական բյուջեի սոցիալական հատվածը կկազմի 648.5 մլրդ դրամ` 2022թ–ի 579.8 մլրդ–ի փոխարեն։

2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ևս կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։

Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից։ Բայց հարկային եկամուտների ավելացման արդյունքում որոշումը կառավարությունն ընդունեց ավելի շուտ։

Please enter a valid URL