Search
Close this search box.

Իմ տղաներ, ձեր ծնողները վշտից խելագարվել են, «Եռաբլուրում» ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Աջ լուսանկարում Տարոն Անդրեասյանն է: 2020 թվականի պատերազմի ժամանակ Տարոնը 26 տարեկան էր, դրանից առաջ տևական ժամանակ ապրում և աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում:

Պատերազմը սկսվելուն պես նա վերադարձել է Հայաստան և կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Ձախ լուսանկարում, ըստ հարազատների վկայությունների, կրկին Տարոն Անդրեասյանն է:

Ձախ լուսանկարը ստոպ-կադր է հայտնի տեսանյութից, որտեղ Տարոնը կանգնած է ադրբեջանցի մի խումբ զինվորականների դեմ դիմաց՝ միայնակ, տվյալ դեպքում՝ ոչ թե միայնակ, այլ իր ինքնաձիգի հետ:

Նրան առաջարկում են գերի հանձնվել՝ խոստանալով որևէ երրորդ երկիր փոխանցել, վստահեցնում են, որ չեն սպանի, ծեծի չեն ենթարկի, համոզում են հանձնվել: Տարոնը չի հանձնվում, ինքնաձիգը պարզում է ադրբեջանցիների ուղղությամբ, սկսում է կրակել: և սպանվում է:

Մենք պատերազմի դաշտում մեր զինվորների՝ այսպիսի և բազմաթիվ այլ սխրանքների մասին վկայություններ շատ ենք լսել: Դրանք պատմել են արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներն իրենց մարտական ընկերների մասին:

Տարոն Անդրեասյանն այս բոլոր պատմությունների, մեր բոլոր հերոս տղաների հավաքական դեմքն է, այն պարզ պատճառով, որ նրա սխրագործությունը վավերագրված է, և մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է տեղի ունենում այն, ինչի մասին այդքան շատ լսել ենք, բայց թերևս երբեք էլ գործողության մեջ չենք կարողացել պատկերացնել:

Սիրելի Տարոն, իմ հարազատ, իմ հայրենակից, իմ արյունակից, իմ եղբայր, իմ որդի, իմ քրոջ որդի, իմ եղբոր որդի, իմ հերոս: Դու գիտես, դու չես կարող չիմանալ, թե ես քանի անգամ եմ դիտել տեսանյութը և ինչպես եմ փորձել հայտնվել քո մարմնում, քո մտքում, քո գլխում: Ինչպես եմ ձգտել լինել «դու» և զգալ այն ամենը, որ դու զգում ես քո կյանքի վերջին րոպեների ընթացքում: Վստահ եմ, որ այդ ամբողջ ընթացքում և հիմա, երբ ես այս տողերն եմ ուղղում քեզ, դու տեսնում ես իմ հոգու ամենավերջին բջիջն անգամ, զգում ես ինձ, ինչպես ես եմ զգում քեզ: Յուրաքանչյուր նման պահի, ինչպես նաև հիմա, մենք միասին ենք, ես քեզ հետ եմ, ես քեզ մենակ չեմ թողնում թշնամու դիմաց: Ես կլանում եմ քո յուրաքանչյուր միլիշարժումը, քո ձայնի յուրաքանչյուր երևէջը: Ես զգում եմ, թե դու ինչպես ես խոսում այդ մարդկանց հետ՝ ուղղակի, հենց այնպես՝ ժամանակ շահելու համար, որովհետև որոշումն արդեն կայացրել ես: Ես զգում եմ, թե ոնց ես ամեն մի բառով ևս մեկ վայրկյանով ուղղակի երկարացնում այս աշխարհը՝ դեշտերն ու երկինքը, ծառերն ու թփերը, հողն ու ասֆալտը, մարդ արարծներ՝ թեկուզ թշնամու զինվոր տեսնելու, նրանց հետ հաղորդակցվելու, ինչ-որ բան ասելու, ինչ-որ բան լսելու, ինչ-որ բան զգալու հաճույքը: Ես իմ յուրաքանչյուր բջիջով զգում եմ այն պահը, երբ դու շատ թույլ հավանականություն ես տեսնում հավատալու քո դիմաց կանգնած մարդկանց խոսքերին, և միլիմիլիմիլի վայկյան տևողությամբ միտք է այցելում քեզ՝ իսկ գուցե արժե փորձել: Բայց ո՛չ, դու վստահ ես, որ նրանք ստում են: Դու գիտես նաև, որ քո ժամանակը խիստ սահմանափակ է, որ կամ դու պետք է կրակես, կամ քեզ պետք է կրակեն: և դու ինքդ ես առաջինը զենքը բարձրացնում և սեղմում ձգանին:

Խոսքը այստեղ հայրենիքի մասին չէ: Հայրենիքը այդ պահին քո զոհվելով կամ գերի հանձնվելով չէ, որ պարտվելու կամ հաղթանակելու էր, և դու դա իհարկե հասկանում ես: Խոսքը քո, անձամբ քո՛ արժանապատվության մասին է: Մինչև վերջին շունչը սեփական ոտքերի վրա ամուր կանգելու, ողնաշարը ձիգ պահելու, չծնկելու, չստորացվելու, ծնողներիցդ, մանկապարտեզից և դպրոցից քեզ փոխանցած արժեքներին, հավատամքներին, համոզմունքներին չդավաճանելու մասին է:

Սա ոչ այլ ինչ է, քան ընտրություն, գիտակցված ընտրություն:

Ես անընդհատ, պարբերաբար կնայեմ այս տեսանյութը, նորից ու նորից կհայտնվոմ քո մտքում ու քո հոգում, քո մաշկի տակ ու կկիսեմ քեզ հետ քո ընտրությունը: Քո կողքին չեմ եղել այդ պահին՝ քո վերջին ընտրության պահին, այդ դժվար, շատ դժվար ընտրության պահին, բայց եթե այդ մի քանի րոպեն քո կյանքում մեկ անգամ էր՝ եղավ-ավարտվեց, ինձ համար կլինի անընդհատ, էլի ու էլի, կրկին ու կրկին:

Դա կլինի իմ հատուցումը քեզ, իմ գնահատականը քեզ, իմ հիացմունքի արտահայտությունը, քեզ հետ լինելու իմ միակ ուղին: Դա կիլնի իմ պատիժը: Դա կլինի իմ խոստումը՝ երբեք, ոչ մի պարագայում չտատանվել, չգայթակղվել, ամեն պահի ընտրություն կատարելիս հավատարիմ մնալ, չդավաճանել քեզ, քո կատարած ընտրությանը:

Իմ հարազատ Տարոննե՛ր, Աբաջյաննե՛ր, Մխիթարնե՛ր, Ալբերտնե՛ր, Ալեննե՛ր, Արսեննե՛ր, Կյաժե՛ր, Գոռե՛ր, Ազատնե՛ր, Գևորգնե՛ր, Կարեննե՛ր, Խաչատուրնե՛ր, Աշոտնե՛ր, Արմեննե՛ր, Արեննե՛ր, Ժորանե՛ր: Ի՛մ տղաներ:

Դուք բոլորդ, անխտիր բոլորդ կատարել եք մի պարզ ընտրություն, այնպիսի ընտրություն, որին բախվում է յուրաքանչյուր մարդ գրեթե ամեն օր: Դուք, ձեր ծնողները, ձեր ընտանիքները՝ կանայք, մայրերն ու հայրերը, ընտրել եք ազնվությունը, քաջությունը, արդարությունը, ձեր ընտանիքների և ձեր հայրենիքի հանդեպ սերը, ի վերջո արժանապատվությունը: Դուք չեք փախել երկրից, չեք փախել մարտի դաշտից, և ես յուրաքանչյուրիդ հետ կիսում եմ ձեր ընտրությունը՝ այսօր և հավերժ:

Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում:

Դուք գիտեք, որ ես այս երկու տարվա ընթացքում երկու անգամ եմ եղել Եռաբլուրում, բայց ես իմ ամեն օրը ապրել եմ ձեզ հետ: Ես ձեր մասին մտածելիս գլուխս չեմ կախում և սև հողին չեմ նայում: Ձեր մասին մտածելիս ես գլուխս բարձրացնում եմ և երկնքին եմ նայում, տիեզերքն եմ տեսնում:

Ես ուզում եմ նաև, որ դուք իմանաք, որ շատ դժվար է պատերազմին մասնակցած և չզոհված բոլոր տղաների համար, հաշմադամություն ստացած բոլոր տղաների համար. նրանք միաժամանակ ե՛ւ ապրում են, ե՛ւ չեն ապրում: Նրանք մեղքի մեծ զգացում ունեն, որ ողջ են մնացել, որովհետև նրանք տեսել են ձեզ զոհվելիս և չեն կարողացել ոչինչ անել: Նրանք, որոնք կատարել են նույն ընտրությունը, ինչ-որ դուք, անցել են նույն դժոխքի միջով ինչ-որ դուք, բայց ողջ են մնացել, ամաչում են ողջերի համար:

Please enter a valid URL