Մինսկը մշտապես կողմ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը՝ պատասխանելով ՀՀ ԱԳՆ-ին, որն այսօր արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։
«Գիտեք, ՀՀ ԱԳՆ-ն բավական յուրօրինակ դիրքորոշում է զբաղեցրել։ Իր դաշնակիցների նկատմամբ պարտավորություններին հավատարմությունն արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ գործով։ Պրոֆեսիոնալ չէ այդ ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը։ Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականության գծերից մեկն է։ Ուստի հետագայում ևս մեր գործընկերներն ու դաշնակիցները պետք է վստահ լինեն դրանում։ Եթե այլ երկրներ ևս իրենց այդպես պահեին, շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել։
Բացարձակ հասկանալի է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի են ու ազնիվ։ Հենց այդ կերպ՝ առանց քաղաքական խաղերի եւ ինտրիգների, պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը մարդկանց կյանքերի ու ճակատագրերի մասին »,-ասել է Գլազը։
ԱԳՆ-ից նշել են, որ առցանց ձևաչափով անցկացված գագաթաժողովին ներկա Փաշինյանը պատասխանել է իր գործընկերներին։
«Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն ուշացած մեկնաբանում։ Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետեւողականորեն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և էական ջանքեր է գործադրել թե բազմակողմ, թե երկկողմ ձևաչափերում դրա լուծման համար։ Հայաստանի և ԱԴրբեջանի նախկին ու ներկա առաջնորդները երախտապարտ են Բելառուսի ղեկավարին՝ խաղաղության անկեղծ ցանկության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում անձնական ներդրման համար։ Մեր բարեկամներին եւ գործընկերներին կոչ ենք անում ուշադիր լսել Բելառուսի նախագահի ելույթը»,-ասել է Գլազը։