Search
Close this search box.

Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել. Հայաստանը տույժ է պահանջում. Civilnet.am

Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում՝ Gnumner.minfin.am-ում, հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ զենք արտադրող հորդանանական ընկերության հետ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, գրում է Civilnet.am-ը:

Հայտարարությանը կից դրված է ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակը՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, որում նշվում է, որ վերջինս չի մատակարարել 2021-ի օգոստոսի 6-ին կնքված պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։

ՊՆ-ն այս տարվա հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ լուծարել է պայմանագիրը և ընկերությունից պահանջում է ծանուցումը ստանալուց հինգ օրվա ընթացքում Հայաստանին փոխանցել 23,2 մլն դրամ՝ որպես տույժ։

Նամակը Gnumner.minfin.am-ում կայքում հրապարակվել է 2022-ի հոկտեմբերի 12-ին։

Ինչ կարող էր հորդանանական ընկերությունը մատակարարել Հայաստան

«Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս»-ը (Jadara Equipment & Defence Systems) հորդանանական ընկերություն է, որը զբաղվում է զենքի արտադրությամբ։ Այն Հորդանանի ՊՆ-ին կից գործող Հորդանանի նախագծման և մշակման բյուրոյի դուստր ձեռնարկություն է։

Ընկերությունն առավել հայտնի է կարճ և միջին հեռահարության հակատանկային համակարգերով, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։ Զենքի մասերը լիցենզիայի հիման վրա նախկինում ներկրվում էին Ռուսաստանից։ Տարիների ընթացքում մասերի զգալի մասն արդեն տեղում է արտադրվում, սակայն Ռուսաստանից կախվածությունը շարունակում է որոշիչ մնալ։ Այս նռնականետը կիրառվում է Հորդանանի զինուժի կողմից, ինչպես նաև արտահանվել է Եգիպտոս, Իրաք, ԱՄԷ և Թունիս։

Ընկերությունը նաև արտադրում է «Տերմինատոր» անվանումով հակատանկային համակարգը, որը, ըստ որոշ աղբյուրների, հիմնված է ուկրաինական «Կորսար» համակարգի վրա կամ դրա կրկնօրինակն է։ «Ջադարա»-ի մյուս արտադրանքներն են՝ օպտիկական, գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր, դիպուկահար հրացան։

Ադրբեջանի հետ համատեղ արտադրություն

Բաց տվյալներից հնարավոր չէ հստակ ասել, թե այս համակարգերից կամ սարքերից որո՛նց ձեռք բերման համար էր ՊՆ-ն կնքել պայմանագիր «Ջադարա»-ի հետ։ #CivilNetCheck-ը հարցումով դիմել է ընկերությանը՝ փորձելով մանրամասներ ճշտել գործարքի և դրա ձախողման պատճառների մասին։

Հայաստանը Հորդանանից սկսել է զենք ձեռք բերել առնվազն չորս տարի առաջ՝ 2018-ին։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) զենքի առևտրի տվյալների բազայի՝ 2018 թվականին Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել սովետական արտադրության չորս «Օսա-ԱԿ» (Оса-АК) զենիթահրթիռային համալիր և այդ համալիրների համար 120 միավոր 9М33 հրթիռ։ Դրանք մատակարարվել են 2019-ին, ինչի մասին հանրայնացվեց 2019-ի դեկտեմբերին։ Այն, որ դրանք ձեռք են բերվել Հորդանանից, հաստատել են ՊՆ աղբյուրները։

Ապրանքի մատակարարման ձախողման պատճառներից կարող է լինել «Ջադարա»-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ընկերությունը և Ադրբեջանի ՊՆ-ն համատեղ մշակել են 152 մմ տրամաչափով հակատանկային «Terminator-FM» հրթիռային համակարգը։ Հեղինակավոր Jane’s ռազմական պարբերականի փոխանցմամբ՝ դրա համատեղ մշակումը սկսվել է 2021-ին։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

Please enter a valid URL