Հայաստանը խորհրդարանական երկիր է, եւ տրամաբանական է, որ իշխող կուսակցության վարչության նախագահ լինի այն մարդը, որն ընտրությունների ժամանակ լինում է թիմի առաջին համարը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՔՊ վարչության նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը։
«Մենք մեծ դժվարությամբ համոզեցինք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը համաձայնի առաջադրվել վարչության նախագահի պաշտոնում։ Մենք լիարժեք մտել ենք խորհրդարական կառավարման ձեւի մեջ։ Ինչի մեջ մեզ մեղադրել, բայց ժողովրդավարության բացակայության մեջ չի կարելի մեղադրել։ Վարչության նախագահ եղել է Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, հիմա մենք ճիշտ այսպես ենք գտել»,- ասաց Սիմոնյանը։
ՔՊ-ում կա՞ն «պապիկյանական» եւ «ավինյանական» թեւեր, ինչպես նշվում է մամուլում։ Սիմոնյանն ասում է՝ ինքը նման տեղեկություններ չունի։
«Ես ի՞նչ կարող եմ ասել, ես «ալենական եմ»։ Գաղտնիք չէ՝ իշխող կուսակցության լիդերը Նիկոլ Փաշինյանն է։ Աբսուրդ է։ Ինչ է ստացվում՝ եթե Ավինյանն է ընտրվել, ուրեմն՝ թե՞ւ ունի։ Ես եմ ընտրվել, ուրեմն՝ թե՞ւ ունեմ։ Բնական է, եղել է քարոզարշավ, որին, ի դեպ, ես չեմ մասնակցել։ Մեկը բոլոր այցերին է մասնակցել, մյուսն ընդհանրապես չի մասնակցել։ Բայց ուղիղ եթերում 1027 պատվիրակ քվեարկել է, հաշվարկն ուղիղ եթերով արվել է, եւ մեծ հաշվով անակնկալ չի եղել, անծանոթ մարդ վարչության կազմում չի հայտնվել»,- ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ ՔՊ վարչության կազմը կրճատվեց, քանի որ մեծ թիվի հետ դժվար էր աշխատելը, նիստերի անցկացման համար քվորում ապահովելը․ «Ես կողմ էի, որ անդամների թիվը լիներ 13»։