Search
Close this search box.

Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում. Դուք տեղյակ եք, որ հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա իհարկե, չափազանց կարեւոր ցուցանիշ է: Կարեւոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որ 2022 թվականի արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020-ի համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները եւ վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը: Մենք կարող ենք վերադառնալ 2019-ի տեմպին արդեն 4 տարվա կտրվածքով՝ 2018-2022-ի արդյունքներով:

Շատ կարեւոր է նաեւ այս տնտեսական դինամիկան գնահատելը: Իհարկե, ոմանք քաղաքական, ոմանք ոչ քաղաքական նկատառումներով, ասում են՝ ի՞նչ կապ ունի կառավարությունն այս տնտեսական աճի եւ հաջողության հետ: Կարծում եմ՝ կառավարությունների մեծագույն դերակատարումն այն է, որ երկիրը մաքսիմալ պատրաստ լինի դիմակայել տնտեսական դժվարություններին, եւ երկրորդը, օգտվել տնտեսական աճի այն հնարավորություններից, որոնք կարող են ստեղծվել: Մեր մոտեցումը եղել է հետեւյալը, որ կառավարությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին, ավելի շատ զբաղվի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով եւ տնտեսական խնդիրների հաղթահարումներով:

Մենք այսօր շահում ենք պտուղները մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասար լինելն ապահովելու մեր քաղաքականության եւ համակարգային կոռուպցիայի հաղթահարման: Հենց սա է կառավարության անելիքը եղել»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ անգամներով բարելավել իր իրավիճակը:

«Մեր շատ ընդդիմախոսներ ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղ է զբաղեցնում եւ առաջընթաց է ապրել ընդամենը այն պատճառով, որ շատ երկրների ցուցանիշները կովիդի պայմաններում ուղղակի գահավիժել են: Ստացվում է, որ մեզնից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կովիդի համավարակը, որ իրենց տնտեսական միջավայրը կամ փլուզվել է, կամ գահավիժել է: Սա նշանակում է, որ մենք կովիդի համավարկն այնքան լավ ենք կառավարել, որ մեր արդյունքները չեն գահավիժել, ընդհակառակը, լրջագույն պրոգրես ենք ապահովել տնտեսության կառավարման առումով»,-ասաց վարչապետը:

Please enter a valid URL