ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիտալացվել է: Նա բուժզննություն է անցնում Պիրոգովսկայայի հիվանդանոցում:
Դերասանը հիվանդանոցում է հայտնվել՝ ունենալով սրտի հետ կապված խնդիրներ։ Մեկ այլ վարկածով՝ Ջիգարխանյանը հիվանդացել է գրիպով։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա իրեն վատ է զգացել դեռևս առավոտյան։ Վարորդը նույնիսկ հրաժարել է 82-ամյա դերսանին թատրոն տանել, որտեղ ընթանում է նոր ներկայացման նախապատրաստություն։ Ջիգարխանյանը պնդել է իրենն ու ինքնուրույն հասել աշխատանքի։
Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանն էլ տեղեկացրել է, որ դերասանը Նոր տարվա օրերին լավ վիճակում է եղել։ Նա հերքել է այն տեղեկությունը, թե Ջիգարխանյանի մոտ սրտի խնդիր է եղել. «Բժիշկները ասացին, որ սրտի հետ ամեն ինչ նորմալ է: Գուցե վարակից է, թատրոնում նրա կոկորդը ցավում էր, հազում էր: Իսկ ձախ ոտքի հետ ժամանակ առ ժամանակ խնդիրներ էին առաջ գալիս, այժմ նաեւ ցավում է»։
Այժմ դերասանը հետազոտվում է, նա ընդհանուր թուլություն ունի, բայց գտնվում է գիտակից վիճակում: