Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ՀՀ տարածք մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Հակառակորդի ստորաբաժանումները, կորուստներ տալով, հետ են գնացել։ Հակառակորդին գերեվարելու համար պետք էր նրան ընդհուպ մոտենալ, և մեր զինվորների կյանքին վտանգ չպատճառելով` մենք դրան չենք գնացել։ Ներկա դրությամբ Ջերմուկում ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը»,–ասաց Ասրյանը։
Նրա խոսքով` հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից այժմ 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են։
Ըստ նրա՝ հակառակորդը փորձում է կրակոցներով կանխել մեր կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները. «Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ հիմնականում գրանցվում են արևելյան ուղղությամբ` Կուտականի, Կախակնի, Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է։ Սակայն առհասարակ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտում է ինչպես նպատակային, այնպես էլ անկանոն ձևով»,–ասաց Ասրյանը
Նրա խոսքով` այժմ մեծածավալ ինժեներական աշխատանքներ են արվում այս պահին։