Hetq.am-ը գրում է. Սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետեւանքով թշնամին հայտնվել է Հայաստանն Իրանին կապող միջպետական մայրուղուց 4,4 կմ հեռավորության վրա: Երեւան-Մեղրի ավտոճանապարհն այժմ ադրբեջանական զինված ուժերի ուղիղ եւ անմիջական դիտարկման ներքո է, սակայն ՀՀ ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է այս փաստը՝ այն համարելով ՀՀ պետական գաղտնիք: Երբվանի՞ց թշնամու տեղադիրքը (լոկացիան) ՀՀ սուվերեն տարածքում դարձավ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, ի՞նչ հիմնավորմամբ: Տպավորություն է, որ ցավոտ իրողությունները հանրությունից թաքցնելու նպատակով ՊՆ որոշ պաշտոնյաներ պատրաստ են անգամ հատել տրամաբանության ու երեւակայության բոլոր եզրագծերը:
Սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո հայկական կողմը տարածքային շոշափելի կորուստներ է ունեցել: Շոշափելի հատկապես այն պատճառով, որ թշնամին գրավել է ռազմավարական նշանակության բարձունքներ, սակայն դրանով չի բավարարվել եւ բարձունքների լանջերով խորացել է ՀՀ սուվերեն տարածքի խորքը այնքան, որքան կարողացել է: Մասնավորապես, Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանցիները 2,9 կմ առաջ են եկել դեպի Երեւան-Մեղրի (Մ-2) մայրուղի, ու հիմա նրանց առաջապահ մարտական դիրքից մինչեւ միջպետական ճանապարհ հեռավորությունն ուղիղ գծով նվազագույնը 4,4 կմ է: Սա նշանակում է, որ ադրբեջանցիները Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցությունը կտրելուց չնչին հեռավորության վրա են:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ, մասնավորապես, նրա կուսակից, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խուսափում են պատասխանել հարցին, թե կոնկրետ ինչ տարածքային կորուստներ է ունեցել Հայաստանը թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո, մասնավորապես՝ 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով:
ՊՆ-ն խուսափում է հայկական կողմի կորուստների մասին կոնկրետ տվյալներ հայտնելուց
ՊՆ-ն չէր պատասխանել մեր հարցին առ այն, թե արդյոք թշնամին կարողացել է գրավել Մեծ Իշխանասար գագաթը (3550 մ), որը մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:
Այս եւ նմանատիպ հարցերի ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տվել էր ոչինչ չասող պատասխան (նման պատասխանները հատուկ են այս նախարարությանը): Ակտիվ ռազմական գործողություններից 8 օր անց ՊՆ ներկայացուցիչն ասել էր. «Ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:
Միամիտ պետք էր լինել՝ հավատալու, որ ՊՆ-ն «համապատասխան տեղեկությունների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:
Հաշվի առնելով Իշխանասարի հատվածում Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու գլխին կախված վտանգը՝ «Հետքն» արբանյակային պատկերների միջոցով ստուգել է, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել առաջնագծում այս ուղղությամբ: Փոփոխությունները, շատ մեղմ ասած, մտահոգիչ են:
Այս տարվա հուլիսին գրել էինք, որ ադրբեջանցիները 2021 թ. ագրեսիայի հետեւանքով միայն Սեւ լճի հատվածում օկուպացրել են 12,8 քկմ տարածք: Սա թշնամու առաջապահ դիրքերի ու խորհրդային տարիներին ֆիքսված հայ-ադրբեջանական սահմանի միջեւ ընկած հատվածն է:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: