Նոյեմբերի 5-ին «Դիմադրության» շարժման հրավիրած հանրահավաքը միասնության հանրահավաք է` միասնություն Արցախի ինքնիշխանության, ՀՀ-ի տարածքային ամբողջականության շուրջ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Դիմում եմ Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառին` ակնկալելով իր օրհնությունն ու աջակցությունն այդ նախաձեռնությանը։ Դիմում եմ մտավորականությանը, որպեսզի կոչով հանդես գան և մասնակցեն հանրահավաքին։ Դիմում եմ երիտասարդությանը` ոտքի կանգնենք։ Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին` մի կողմ դնել բոլոր շահերն ու համախմբվել այս գաղափարի շուրջ»,–ասաց Սաղաթելյանը։
Նա դիմեց նաև իշխող քաղաքական մեծամասնությանը` ասելով, որ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու ժամանակը չէ, պետք է ուշքի գան։
Սաղաթելյանի խոսքով` այս պայքարը կանգ չի առնելու. շատ կարևոր էր տեսնել Արցախի արձագանքն այս ամենին։ Նա հավելեց, որ նոյեմբերի 5-ից հետո պայքարը շարունակվելու է, և հետագա գործողությունների մասին կհայտարարեն հենց հանրահավաքի ժամանակ։
Սաղաթելյանը հավելեց` կարևոր է ֆիքսել, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։
Նշենք, որ երեկ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր` «Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին հրավիրում է հանրահավաքի` ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախում կայացավ ԱԺ արտահերթ նիստ, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ ընթանում էր բազմահազարանոց հանրահավաք, որին մասնակցում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
Ե՛վ նիստին, և՛ հանրահավաքին հնչեց հստակ ուղերձ` Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։