Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ասված է երկու կողմերի տարածած հաղորդագրություններում:
Իրանական IRNA պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Աբդոլլահիանն ասել է, թե Իրանը Կովկասում վեճի լուծման ճիշտ ճանապարհը համարում է «3+3» ձևաչափը և տարածաշրջանային մեխանիզմները:
«Օտար տերությունների ներկայությունը տարածաշրջանում ավելի է բարդացնում վեճերը, հետևաբար մենք դեմ ենք նրանց ներկայությանը», — հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ տարածաշրջանի անվտանգությունը կենսական կարևորության հարց է տարածաշրջանի բոլոր երկրների համար, և որ «Իրանը Ադրբեջանի անվտանգությունն ի՛ր անվտանգությունն է համարում»:
Աբդոլլահիանը հավաստիացրել է Բայրամովին, որ Իրանը, «ինչպես միշտ, կենտրոնացնում է ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների միջև վեճերը դիվանագիտական և տարածաշրջանային ուղիներով լուծելուն»։
Իրանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Աստանայում հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։