Search
Close this search box.

Պուտինը պատրաստվում է երկարատեւ կոնվենցիոնալ պատերազմի․ ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական ամփոփագրում նշում է, որ ՌԴ նախագահը, դատելով որոշ հանգամանքներից, պատրաստվում է երկարատեւ կոնվենցիոնալ պատերազմի՝ փորձելով պահել ներկայիս օկուպացված տարածքները և նվաճել նորերը, այլ ոչ թե կտրուկ էսկալացիայի, օրինակ՝ միջուկային զենքի կիրառման․ կամ զինադադարի։

ISW-ի վերլուծաբանների կարծիքով՝ դրա մասին է վկայում, մասնավորապես, Պուտինի հայտարարած «մասնակի մոբիլիզացիան»։

«Նա վճարեց շատ բարձր ներքաղաքական գին այս մոբիլիզացիայի համար՝ հարյուր հազարավոր ռուսների փախուստ այլ երկրներ, աննախադեպ բողոքի ցույցեր և նույնքան աննախադեպ քննադատություն ռուս զինվորականների և ռուսական իշխանությունների գործողությունների նկատմամբ: Այս գինը վճարելն իմաստ ունի, եթե Պուտինը մտադիր է շարունակել պատերազմը և հասկանում է, որ Ուկրաինա պետք է անհապաղ ուժեր ուղարկի, որպեսզի պահպանի իր դիրքերը մինչև նոր զորակոչով բանակի համալրումը»,- գրում են ISW վերկուծաբանները։

Ըստ նրանց՝ Պուտինն ակնկալում է, որ այժմ մոբիլիզացված պահեստազորը Ուկրաինայում կպահի դիրքերը մինչև գարնանային հալոցքի ավարտը, և մինչ այդ զորակոչված ժամկետային զինծառայողները կավարտեն չորսից վեց ամիս նախնական պատրաստությունը և կուղարկվեն մարտադաշտ՝ նոր հարձակումների համար։

Միևնույն ժամանակ, ըստ ISW-ի, Պուտինը հույս ունի, որ ցուրտ ձմեռը և վառելիքի պակասը կստիպի եվրոպական երկրներից մի քանիսին կրճատել օգնությունն Ուկրաինային և ավելի զիջող դառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

ISW-ն ընդգծում է, որ խոսքը Ռուսաստանի ղեկավարի մտադրությունների մասին է, այլ ոչ թե այն մասին, թե ինչպես կարող են իրականում մոբիլիզացվածներն ու ժամկետային զինծառայողները ազդել պատերազմի ընթացքի վրա։ Ամերիկացի վերլուծաբանները հիշեցնում են, որ պահեստազորի մոտ մեկ երրորդը (ըստ անձամբ Պուտինի) արդեն ժամանել է Ուկրաինա, սակայն դա էական փոփոխություններ չի բերել։ Հապճեպ պատրաստված ժամկետային զինծառայողների ժամանումը նույնպես դժվար թե շրջադարձի հանգեցնի։

«Բայց Պուտինը կարծես թե չի ցանկանում ընդունել այդ փաստերը և, ընդհակառակը, հույս ունի, որ նման անսպասելի գնով հավաքված պահուստները իսկապես կփոխեն իրավիճակը», – գրում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը։

Please enter a valid URL