Search
Close this search box.

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների ցանկում չկա

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների ցանկում չկա:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ զրուցել է Հովիկ Աբրահամյանի հետ և կարող է ասել, որ նրա կողմից էլ նման ցանկություն չկա:

«Իր կողմից նման ցանկություն չկա, կուսակցությունն էլ նրա անձը չի քննարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

Հարցին՝ կարո՞ղ են ՀՀԿ-ականների հետ Հովիկ Աբրահամյանի հաճախակի շփումները նախադրյալ հանդիսանալ, որ նա ապրիլից հետո վերադառնա իշխանության կազմ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եկեք նախագահի ընտրության հարցն ավարտենք, հետո դրան կանդրադառնանք»:

Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները դեռ չեն սկսվել՝ չբացառելով, որ քննարկումները կմեկնարկեն հունվարի 18-ին կուսակցության գործադիր մարմնի նիստում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է ասելիք և անելիք ունեցող, լուրջ կենսագրություն ունեցող, Հայաստանում և սփյուռքում մեծ հարգանք վայելող անձի:

Please enter a valid URL