Փաշինյանը վաղուց կատարում է ռուս-թուրքական տանդեմի հատուկ հանձնակատարի դերը, որի էությունը արտաքին ոլորտում հայկական նախաձեռնությունների եւ միջազգային արդարադատության կառույցներում հայկական խնդիրների քննարկման մեխանիզմների վարկաբեկումն ու չեզոքացումն է, ներքին ոլորտում՝ հանրության ծայրաստիճան ապակողմնորոշումն ու հուսալքումը։
Փաշինյանի ամեն մի ելույթ այս ազգակործան իրողության մի նոր բացահայտում է, բացառություն չէր ՔՊ համագումարում նրա ելույթը։ Համագումարի նախօրեին ՔՊ «պասով» ռուսների հետ ձեռնարկվեց Զատուլին-«վաշինգտոնյան տարբերակ» հատուկ գործողությունը: Գործողության նպատակը ռուսական պլանի շուրջ ՔՊ-«ընդդիմություն»-Արցախի իշխանություն եռամիասնության կոնսոլիդացիայի ապահովումն էր, ինչի ֆոնին էլ Փաշինյանը հայտարարեց, թե ընդունել է Երեւան-Բաքու հարաբերությունների շուրջ ռուսական առաջարկները։
Համագումարում նրա ելույթը ավանդական դեմագոգիայի ու արդարացումների միջոցով «ռուսական պլանին» համաձայնվելու պատճառաբանությունների հավաքածու է: Հիմնական գծերը հետեւյալն են․ Հայաստանի ինքնիշխանության սահմանադրական հիմքերի հետեւողական վերացում 30 տարվա ընթացքում՝ «Անկախության հռչակագրի նախաբանը կարդալով՝ մենք համարձակություն պետք է ունենանք արձանագրելու, որ մենք ընդամենը արձանագրողն ենք»։
Արցախի պատկանելությունն «Ադրբեջանին»՝ «ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վերաբերյալ»։ Հետաքրքիր է, Փաշինյանի նկարագրած դրությունը ինչպես կարելի է կապել նախագահ Պուտինի այն պնդման հետ, որ «որոշումը պատկանում է Հայաստանին եւ հայ ժողովրդին, իհարկե, Ադրբեջանի կարծիքը նույնպես պիտի հաշվի առնվի»:
Պարզվեց, որ Արցախի հարցում ՀՀ-ն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում, և «միակ բանը, որը կարող է որոշել, դա հլու կատարել այլ տեղերում կայացված որոշումները»:
Միջանցքի հարց․ «Մենք ասել ենք, որ բացառում ենք ՀՀ տարածքով միջանցքի գործարկումը և ՀՀ տարածքով միջանցք որևէ մեկին չենք տալու։ Ես ցավում եմ, որ այս բովանդակության հետ կապված մեր կուլիսային և քաղաքական աշխատանքը մինչև այսօր արդյունք չեն տվել»: Որեւէ բան հասկացա՞ք:
Շարունակությունը. ՀՀ սահմանի վերահսկողության հանձնում ռուսական ՖՍԲ-ին սահմանի այս կողմում, մյուս կողմում՝ թուրքերին («Մենք ասում ենք, որ պատրաստ ենք այդ ծառայությունը արտապատվիրակել ՌԴ սահմանապահ զորքերին։ Ադրբեջանն իր կողմից ում ուզում է թող պատվիրակի, կարող է Թուրքիային էլ ընտրել, որովհետև ՀՀ քաղաքացիները Թուրքիա գնալ-գալիս շփվում են թուրք սահմանապահների հետ»): Իսկ հայ սահմանապահների հետ տարեկան շփվող հարյուր հազարավոր իսկական ադրբեջանցիներն ի՞նչ եղան, պարոն Նիկոլ:
Այնուհետեւ. Ռուսաստանի ներկայացրած 15 կետերից բաղկացած ինչ որ փաստաթղթի հիմքով կնքել «խաղաղության պայմանագիր», եթե Ռուսաստանը պահպանի իր իսկ առաջարկները։
Արեւմուտք, դու կա՞ս ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի բառապաշարում: ԵԱՀԿ ՄԽ, Մոսկվա/Կարսի պայմանագիր, Նախիջեւանի կարգավիճակ, Բաթումի հետ փոխանակված Իգդիր Արարատ լեռամբ: Ոչ, նման բաներ չկան, կա թուրք-ռուսական տանդեմին ամեն ինչ զիջելու պարտավորություն:
lragir.am