ԱՄՆ Պետդեպի խոսնակը Մոսկվային մեղադրել է Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ իր մտադրությունների հարցում ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Նա ասել է, որ Երեւանի ու Բաքվի որոշելիքն է, թե որ մոտեցումն են կիրառելու առաջիկա բանակցությունների ընթացքում։ Այսինքն, ԱՄՆ-ն մի կողմ է կանգնում եւ միաժամանակ զգուշացնում Ուկրաինայի ու Վրաստանի օրինակով, այն է՝ ՌԴ-ն չի հարգում հարեւանների ինքնիշխանությունը եւ հրահրում է կոնֆլիկտներ։
ԱՄՆ զգուշացումն իհարկե վերաբերում է Հայաստանին (Արցախը ներառյալ), որը 2020-ի սեպտեմբերի 27-ից ենթարկվում է ագրեսիայի ռուս-թուրքական տանդեմի կողմից, կորցնելով նոր տարածքներ ու կենսական հաղորդակցություններ։ Մնալով Մոսկվայի եռակողմ ձեւաչափում, այս գործընթացը շարունակական է լինելու, ինչը հաստատվեց ՀԱՊԿ ԱԽ երեկվա արտահերթ նիստում։
ՔՊ համագումարում Փաշինյանի կմկմոցից բխում է, որ ոչ մի «վաշինգտոնյան տարբերակ» չկա, ըստ նրա՝ կան ինչ որ առաջարկներ, որոնք Արցախի ճակատագրի հարցում չեն տարբերվում ռուսական առաջարկներից ու մոտեցումներից (հարցը թողնել ապագային, կամ՝ միջազգային իրավունքի տեսակետից Արցախն «Ադրբեջանի» տարածք է)։ Փոխարենը, եթե Արեւմուտքը հայտարարում է գոնե Փաշինյանի երազած 29,8-ի երաշխիքների մասին, Ռուսաստանը լռում է այդ հարցում։ ՀԱՊԿ ԱԽ երեկվա նիստը դրա ցուցադրական դրսեւորումն էր։
ՌԴ «վաշինգտոնյան տարբերակ» հատուկ գործողության խնդիրը «հայ-ադրբեջանական կարգավորման» գործընթացը ռուս-թուրքական պայմանավորվածությունների ծիրում պահելն էր՝ իրենց ագենտ Փաշինյանի ու ռուսապատկան «ընդդիմության», զլմ-ների ու փորձագետների բեմադրած կլոունադայով ու ռուսական պլանին հավատարմության երդումներով։ Նույնը վաղը տեղի է ունենալու Ստեփանակերտում։ Այսպիսով, Ռուսաստանը հենց հայերի ձեռքով «լեգիտիմացնելու» է Արցախը եւ Նախիջեւանը Բաքվին հանձնելու, Հայաստանը միջանցքներով մասնատելու եւ հայկական պետականությունը վերացնելու իր ծրագիրը։
lragir.am