Ռուս-թուրքական-իսրայելական շահերը սպասարկող ռեժիմը մոտ է բաղձալի նպատակին՝ ընդարձակել եւ օրինականացնել 1921 թվականի Մոսկովյան/Կարսի պայմանագրերով Հայաստանին հասցված վիթխարի վնասը
Շուտով շատերին պարզ կդառնա, թե ինչ հրեշավոր դիվերսիա կատարվեց Հայաստանի դեմ Կրեմլի ու նրա ագենտի՝ «պադդավկիի» սկզբունքով գործող Փաշինյանի կատարմամբ։ Խնդիրներին ու նպատակներին Լրագիրը բազմիցս անդրադարձել է, արժե սակայն Ստեփանակերտի հանրահավաքից ու Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ ամփոփ ներկայացնել իրավիճակը, քանի որ այն, ինչ լինելու է հետո, իմաստավորման կարիք է ունենալու պատճառների ու շատ կոնկրետ պատասխանատուների առումով։
Սեպտեմբերի 13-14-ին Ռուսաստանի վերջնականապես պատռված դիմակը կարկատելու եւ Հայաստանի դեմ ագրեսիային նրա ուղիղ մասնակցության միջազգային արձանագրումը չեզոքացնելու համար մտան հետնամուտքից։ Նախ ռուսական հատուկ ծառայությունների ալիքով, ի դեպ՝ ռուսերեն, հրապարակվեց «վաշինգտոնյան տարբերակը», այնուհետեւ հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունն արգելել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինի ու մի քանի այլ օդիոզ գործիչների մուտքը Հայաստան։
Ռուսաստանի օգտին այլեւս փաստարկներ չէին մնացել, եւ այս երկու ակտի նպատակը ռուսապատկան «ընդդիմության», զլմ-ների ու փորձագետների բերանում լեզու դնելն էր։ Եվ դա չուշացավ։ Երգչախմբի ճշգրտությամբ շրջանառվող թեզերի բովանդակությունն ու ուղղվածությունը մեկ կենտրոնից ուղղորդման վկայություն են։ Իմաստը հետեւյալն է՝ «վաշինգտոնյան տարբերակը», որն այդպես էլ ոչ ոք չի տեսել, ենթադրում է Արցախի ոչնչացում ու միջանցքի բացում, ինչպես նաեւ Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից, իսկ ռուսական պլանը, որը նույնպես ոչ ոք չի տեսել, տեղ է թողնում հետագայում Արցախի կարգավիճակի համար, ռուսներին ձեռնտու չեն Արցախը Բաքվին հանձնելն ու միջանցքը, եւ այլն։
Նման պնդումների համար անկասկած պետք էր «վաշինգտոնյան տարբերակը», այնպես, ինչպես ռուսական փրկչությունն անհնար է առանց թուրքերի հարձակման։ Հայկական ուղղությամբ քաղաքականությունն իրացվում է նման պրիմիտիվ սխեմաներով, նկատի առնելով հայ քաղդասի, մեդիա-փորձագիտական շրջանակների ու հանրության զգալի շերտերի օտարասիրությունը, դեգրադացվածությունը եւ համապատասխան պրիմիտիվ աշխարհընկալումը։
Ռուսաստանին անհրաժեշտ է ոչ միայն արագ ավարտին հասցնել իր ծրագրերը, այն է՝ հայկական պետականության վերացումը, այլեւ դա պետք է արվի երկու ձեւով․ առաջին՝ ռուսական փրկչության կտրվածքով եւ հայերի երախտագիտության պայմաններում, երկրորդ՝ պատասխանատվությունը այլոց վրա գցելով, ինչը ենթադրում է որոշակի «լեգիտիմություն»։ Ռուսական ավանդական ոճն է, հատկապես Հայաստանի պարագային, նոր բան չկա։ Ռուսական հատուկ ծառայությունների ծիրում գործող Զատուլինի Լազարեւսկի կոմիտեի երեւանյան նիստում ելույթները եւ ռուսական ու հայկական զլմ-ների գերակշիռ մասի այս օրերի քարոզչությունը ենթարկած են այս սխեմային։
Որպեսզի այն ազդեցիկ լինի, անհրաժեշտ են նաեւ ռուսական կողմից կարեկցանքի ու «հայամետ» դիրքորոշումներ, բնականաբար՝ հայերի հասցեին սպառնալիքներով։ Իսկ որպեսզի ընդհանրապես կասկածներ չմնան, պետք էր անձամբ Պուտինի միջամտությունը․ նա հայտարարեց, որ «վաշինգտոնյան տարբերակով» Արցախը հանձնվում է Ադրբեջանին։ Թե ինչ է լինում ռոսական տարբերակով, նա բնականաբար չասաց, որովհետեւ այդ դեպքում պատասխանատվության ու պարտավորության խնդիր է առաջանում, իր փոխարեն սակայն ասացին մյուսները՝ ռուսական տարբերակը հույս է թողնում։ Իսկ ռուսապատկան շրջանակների տեսաբաններից մեկն անմիջապես ձեւակերպեց նահանջի տարբերակը՝ Սոչիում Պուտինը կասի, որ Փաշինյանը համաձայնել է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ինքն ի՞նչ անի։
Այս ամենն անհնար կլիներ, եթե Հայաստանում չլիներ ագենտուրային գործառույթներ կատարող իշխանություն, որն իր գործողություններով պետք է նպաստի ռուսական սխեմաների անխափան իրականացմանը։ Այդ դերը Փաշինյանը կատարում է փայլուն՝ վարկաբեկում ու չեզոքացնում է Հայաստանի բոլոր քաղաքական, ռազմաքաղաքական ու իրավական հնարավորությունները, մեխանիզմներն ու փաստարկները, կրելով «արեւմտամետի» պիտակ՝ հանում է ողջ պատասխանատվությունը ռուսների վրայից՝ «Նիկոլն արեւմտամետ է, դրա համար ռուսները բարկացան, այլ ելք չունեին․․․»։ Փաշինյանը դա անում է գիտակցված, իսկ նրա սազանդարներն ու քպ-ական անմեղսունակները ստեղծում են համապատասխան ֆոնը։ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու, իր թերթում ռուսական պլանների վերաբերյալ արտահոսքերի, արեւմտյան կառույցներում միմոսություններից հետո ռուսական պլանին համաձայնությունը դրա վառ օրինակն է։
Այսպիսով, ռուսական պլաններին Փաշինյան-քպ-ռուսապատկան «ընդդիմություն»-Արցախի ղեկավարություն եռամիասնության հավատարմությունն ապահովված է։ Հայաստանի դեմ Զատուլին-«վաշինգտոնյան տարբերակ» դիվերսիան իր «դրական» կողմն էլ ունի՝ հայկական կողմից այդ պլանի ադեպտների, ավելի պարզ՝ ագենտների, զլմ-ների ու պարզապես «օգտակար ապուշների», ըստ այդմ՝ ուղիղ ու հավասար պատասխանատվություն կրողների շրջանակը հստակեցվեց։ Այս շրջանակը կատարում է կոնկրետ գործառույթ՝ աշխատանքի համապատասխան բաժանմամբ եւ դիրքավորմամբ եւ իրականացնում հայ ժողովրդի դեմ կատաղի հոգեբանական ճնշման իր ուղեգիծը ինֆորմացիոն պատերազմի ողջ ճակատով։
Ավելորդ է խոսել, թե ինչով պետք է զբաղված լիներ հայկական ազգային-քաղաքական միտքը, իշխող-չիշխող քաղդասը, զլմ-ները՝ հայկական իրավունքների ու պահանջների ձեւակերպման, հայկական շահերի համատեքստում։ Փոխարենը տեսնում ենք լիովին հակառակը՝ «ում պլանն է ավելի վատ» թեմայով նողկալի բանավեճեր օտար շահերի շրջանակում, ցանկացած հակահայ ծրագիր՝ լինի մոսկովյան, թե վաշինգտոնյան, մերժելու եւ ազգային առաջարկներ ու հայտ ձեւավորելու փոխարեն։ Դա արվում է գիտակցաբար, դրանում որեւէ կասկած չկա։
Ինչ է հետեւելու եւ ինչ է սպասվում՝ կարդացեք «Խաղաղության պայմանագրի» Վաշինգտոնյա՞ն, թե Մոսկովյան տարբերակ. Ինչ է թաքցվում «ընտրության» հետեւում
Զատուլինի մուտքն արգելափակելը անհեթեթություն չէ. Փաշինյանի հերթական «պոդդավկին»
lragir.am