Search
Close this search box.

«Ինչ տարօրինակ հարցեր ես տալիս, Վովաեւիչ»․ ՀԱՊԿ-ը մերժեց օգնությունը Հայաստանին եւ աջակցություն հայտնեց Բաքվին

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքների վերաբերյալ: Նիստը հրավիրվել է Հայաստանի դիմումով, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքները վերացնելու հարցով։

Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց է ուղղել իր գործընկերներին՝ իրադարձությունների գնահատման եւ ՀԱՊԿ դիրքորոշման, ինչպես նաեւ «Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման» ՀԱՊԿ ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

ՀԱՊԿ հայտարարության մեջ նշվում է, որ «քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները: Հստակ համոզմունք կար, որ առկա հակասություններն ու վիճելի հարցերը պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, այդ թվում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված եռակողմ հայտարարություններում շարադրված պայմանավորվածությունների շրջանակում»:

Նիստի բացման խոսքում ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով ՀՀ անվտանգությանն աջակցության մասին, միաժամանակ ՀԱՊԿ երկրների ղեկավարներին «հիշեցրել է», որ Ադրբեջանի հետ սերտ կապեր կան։ Պուտինը շատ չի ծավալվել, փոխարենը նրա այս միտքը մանրամասնել ու վերծանել է Բելառուսի դե ֆակտո ղեկավար Լուկաշենկոն, ով ասել է, որ հնարավոր չէ հարցը դնել այնպես, որ մի կողմից՝ ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանը հարազատ պետություն է։ Այնուհետեւ նա դիմել է Փաշինյանին․

«Դուք մեր առաջ երկու հարց եք դնում. նախ կարդացի «Իրադարձությունների գնահատականը եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»: Դուք պահանջեցիք, որ մենք հստակեցնենք մեր դիրքորոշումը։ Չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարեւան պետությունների միջեւ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Երկրորդ հարցը. «Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիեւի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին եւ որոշում կայացրեք։ Եթե ​​այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, դուք ինքներդ էլ դա հասկանում եք։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ», ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հավելելով․ «Դուք երկու հարց ունեք. դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաեւիչ»։

ՀԱՊԿ հայտարարությունը, ինչպես նաեւ Պուտին-Լուկաշենկոյի խոսքերը նշանակում են հետեւյալը․ Հայաստանը օգնություն չի ստանա Բաքվի զորքերը դուրս բերելու հարցում։ Եվ դա բնական է, քանի որ Բաքվի այդ գործողություններն առաջնորդում եւ հովանավորում է Մոսկվան։ Լուկաշենկոն ավելի քան պարզ է ասել՝ նստել Ալիեւի հետ խոսել, այն է՝ համաձայնեք նրա պահանջներին, թե չէ ավելի վատ կլինի։

Հերթական անգամ հայտարարվում է, որ Հայաստանը սահման ու տարածք չունի, ինչը նախկինում մի քանի անգամ հայտարարել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ն։ Դիմելով կանխավ ձախողակ քայլերի` Նիկոլ Փաշինյանը Բաքվի առաջ կանաչ լույս է վառում հետագա ագրեսիայի համար։ Հիմա Հայաստանը պաշտոնապես զգուշացվել է, որ ենթարկվելու է հաջորդական գրոհների՝ ՀԱՊԿ լիակատար աջակցությամբ:

Հաջորդ նիստը կլինի նոյեմբերին․ ՀՀ իշխանությունը մեկ ամիս եւս ունի ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու շուրջ խորհրդարանում եւ սազանդարական ալիքով միմոսությունները շարունակելու համար: Ռուսապատկան «ընդդիմությունն» էլ Փաշինյանի ձեռքից Զատուլին-«վաշինգտոնյան առաջարկներ» թեմայից զատ, ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության շնորհիվ նոր թեմա ստացավ բարբաջելու համար, «ռուսական պլանին» հավատարմության շրջանակում։ ՔՊ-ն շարունակվում է հայ ժողովրդի դեմ կատաղի հոգեբանական ճնշման իր ուղեգիծը ինֆորմացիոն պատերազմի ողջ ճակատով:

lragir.am

Please enter a valid URL