ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում սկսված «մասնակի մոբիլիզացիան» ավարտվել է։ Շոյգուն ասել է, որ զորակոչվել է 300 հազար մարդ։
Շոյգուի խոսքով՝ մոբիլիզացվածներից 82 հազար մարդ արդեն ուղարկվել է Ուկրաինայի մարտական շրջաններ, մնացած 218-ը շարունակում են մարտական պատրաստությունը պոլիգոններում։
Նախկինում շատ մեկնաբաններ կանխատեսում էին, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիան ժամանակավորապես կդադարեցվի մինչև ամսվա վերջ, որպեսզի զինվորական հաշվառման և զինկոմիսարիատներին հնարավորություն տրվի աշնանային զորակոչ անցկացնել, որը սկսվում է նոյեմբերի 1-ից:
Փաստաբանները նշում են, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարվել է Պուտինի հրամանագրով և, համապատասխանաբար, կարող է ավարտվել միայն նմանատիպ հրամանագրով, գրում է ԲԲՑ-ն։
Ռուսական ալիքների տեղեկություններով, իրականում զորակոչվել է մինչեւ 600 հազար մարդ, նախատեսվում է մոբիլիզացիան շարունակել նաեւ զորակոչից հետո եւ հավաքել 1,2 միլիոն մարդ։ Ըստ նույն ալիքների, Ռուսաստանի տարբեր շրջաններում, այդ թվում Մոսկվայում, հնարավոր է հայտարարվեի ռազմական դրություն։