Կիրակի՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ, դատելով հաղորդագրություններից, ընդունվելու է հայտարարության տեքստ, որում կոչ է արվելու ՀՀ իշխանություններին չընդունել խաղաղության պայմանագրի որեւէ տարբերակ, որում բացակայում է Արցախի հարցը։ Հետո տեղի է ունենալու հանրահավաք, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությունը հայտնելու նպատակով։
Ճիշտ հարցադրումներ են, միաժամանակ, դատելով Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններից, այս ակցիան ի վերջո հանգելու է այսպես կոչված «վաշինգտոնյան տարբերակը» մերժելուն եւ «ռուսական պլանն» ընդունելուն։ «Վաշինգտոնյան տարբերակը» հրապարակեց ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված մի տելեգրամ ալիք, որից հետո Հայաստանում ռուսապատկան ուժերն ու զլմ-ները մեծ աղմուկ բարձրացրին, իսկ ՀՅԴ պատգամավորներից մեկն ԱԺ ամբիոնից պատռեց այդ թուղթը։
Նշվում է, որ «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է Արցախի պատկանելությունը Բաքվին եւ միջանցքի բացումը, իսկ «ռուսական պլանով» իբր տեղ է թողնված կարգավիճակի համար։ Ստեփանակերտում տարածում են, որ կա ինչ որ «Խովաեւի պլան» (Խովաեւը ՌԴ հատուկ ներկայացուցիչն է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում), որով նախատեսվում է կարգավիճակի քննարկումը հետագայում։
Հատկանշական է, որ «վաշինգտոնյան տարբերակի» գոյությունը հաստատեց անձամբ ՌԴ նախագահ Պուտինը Վալդայ ակումբում երեկվա իր ելույթում, նշելով, որ այն ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։ Իսկ թե ինչ է ենթադրվում ռուսական տարբերակով՝ նա չասաց։ Միեւնույն ժամանակ, հատկանշական է, որ «վաշինգտոնյան տարբերակի» գոյությունն անձամբ հաստատելու կարիք էր առաջացել, Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ։ Թե ինչու հատկանշական՝ մինչեւ հոկտեմբերի 30-ը ՀՀ եւ Արցախի քաղդասը մտածելու ժամանակ ունեն։
Մինչ այդ, նշենք մի կարեւոր հանգամանք՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի պաշտոնական ներկայացուցիչները հաստատում են, որ իրենց առաջարկները նույնական են։ Ռուսները նաեւ ասում են, որ Արեւմուտքը ցանկանում է յուրացնել կարգավորման իրենց տարբերակը, ինչը հաստատում է նույնականությունը։ Նշենք նաեւ, որ այս պահին կա ստորագրված փաստաթուղթ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի վերաբերյալ կրկին անձամբ Պուտինը հայտարարել է, որ դա Ղարաբաղյան հարցի լուծումն է, հարցը լուծվել է։
Թե ով ինչ է ասում «տակից», դա այլ խնդիր է։ Նմանապես «տակից» ասում էին, թե Ռուսաստանը շուտով վերադարձնելու է Հադրութը, Բաքվի զորքերին հեռացնելու է Փառուխից եւ այլն։ Պետք է մերժվի ցանկացած փաստաթուղթ, որով ճանաչվում են պատերազմի արդյունքները եւ որը մերժում է Արցախի սուբյեկտությունը կամ վերամիավորումը Հայաստանին՝ սա է ինքնիշխանության եւ սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականության դրսեւորումը։ Պատերազմի արդյունքների ճանաչումը, լինի ռուսական, թե արեւմտյան տարբերակով, փակում է բոլոր հարցերը։
Կարող է թվալ, թե իրավիճակն անելանելի է, սակայն նման իրավիճակ էր նաեւ 1980-ականների վերջերին-90-ականների սկզբին։ Այն ժամանակ Արցախում կար բառի բուն իմաստով ազգային ռազմա-քաղաքական էլիտա, որը ձեւավորեց ազգային խորհրդարան եւ կայացրեց ինքնիշխան որոշումներ, այդ թվում զինված դիմադրության վերաբերյալ, չնայելով Ռուսաստանի կամ Արեւմուտքի կողմ։ Կա՞ Արցախում նման էլիտա, «Ռուսաստանը չլինի՝ կվերանանք» ողորմելի հավատամքից դուրս։