Search
Close this search box.

Անօդաչուների պատերազմ. մենք պատրա՞ստ ենք. armeniasputnik

Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորն են ծանոթ այն բավական հետաքրքիր տեսությանը, ըստ որի, տարբեր ազգեր, հասարակության տարբեր շերտեր և նույնիսկ առանձին մարդիկ միանգամայն տարբեր ժամանակային հատվածներում են գտնվում։

Ասենք, հարևանս արդեն վաղուց ղեկավարվում է 21-րդ դարի սկզբունքներով և զբաղվում է արհեստական ինտելեկտով, մինչդեռ ես դեռ շարունակում եմ ապրել Լև Տոլստոյի կամ առնվազն Ուիլյամ Ֆոլքների ժամանակների պատկերացումներով։ Ու երբ լսում եմ հերթական տափակ մեղադրանքը՝ բա դու ինչո՞ւ սահմանային մեր դիրքերում չես, հասկանում եմ, որ մարդիկ պարզապես մնացել են նախապատերազմյան ժամանակաշրջանում։ Չէ՞ որ վերջին պատերազմի ընթացքում տեսանք, թե ինչպիսի վճռորոշ դեր են խաղում անօդաչու թռչող սարքերը և առնվազն միմյանց պիտի նախատեինք՝ բա դու ինչո՞ւ քո լուման չես ներդրել հայկական դրոնների ստեղծման գործում, կամ գոնե՝ բա դու ինչո՞ւ չես ցանկանում գնալ հատուկ դասընթացների և դառնալ անօդաչուների օպերատոր։

Օրերս նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Իլոն Մասկը, փաստեց. «Մարդկության պատմության նոր փուլ է սկսվել՝ դրոնների պատերազմների դարաշրջանը»։ Իհարկե, արդարացում միշտ էլ կգտնենք՝ դրոնների զանգվածային արտադրություն չենք կազմակերպում, որովհետեւ փող չունենք, դրսից էլ չենք գնում, քանզի որոշ պետություններ զենքի ձեռքբերման հարցում մեզ խոչընդոտում են։ Ա՜յ քեզ բան։ Բայց ախր հայտնի է, որ այլ պետություններում այդ ամենը, ընդհակառակը, միայն խթանում է դրոնների մշակումը։ Գոնե հարևան Իրանին նայեք։ Սկսեց անօդաչուներ պատրաստել, որովհետեւ ավանդական ռազմական ինքնաթիռներ չէր կարողանում գնել միջազգային պատժամիջոցների պատճառով։ Եվ այդ անօդաչուները, մանավանդ «կամիկաձեները», բավական էժան են հենց նրա համար, որ Իրանը հսկայական ծախսեր անելու հնարավորություն չունի։

Սիրում ենք օր ու գիշեր խոսել հայ-իրանական բարեկամական կապերի մասին, իսկ գոնե փորձե՞լ ենք ուսումնասիրել, թե ինչպես պատժամիջոցներից տարիներ շարունակ տառապող մեր հարևան երկիրը ոչ միայն կարողացավ դրոնների զանգվածային արտադրություն կազմակերպել, այլև վաճառքի հանել դրանք դրսում։ Եվրոպական լրատվամիջոցներից մեկի վկայությամբ, այժմ իրանական դրոնների համար հերթի է կանգնած առնվազն 12 երկիր։

Այո՛, շատ ճիշտ եք, Shahed-136 տիպի իրանական «կամիկաձեները» բավական պարզունակ են և, ինչպես մասնագետներից մեկն է փաստել, դրանց միակ նպատակն է օդ բարձրանալ, հասնել նախօրոք նշված կետին և պայթել։ Բայց դրանք ունեն նաև մի շարք կարևոր առավելություններ՝ պատրաստված են այնպիսի նյութերից, որոնք ի զորու չեն հայտնաբերել ռադիոլոկացիոն կայանները, արձակելը շատ հեշտ է՝ դրա համար կարելի է օգտագործել նույնիսկ հասարակ բեռնատարը, և ամենագլխավորը՝ էժան են, այսինքն` հենց օդ բարձրացան ու խփվեցին հակառակորդի հրթիռով, դա, միևնույն է՝ փոքրիկ հաղթանակ է, որովհետև հակառակորդը առնվազն մի հրթիռ կորցրեց, որը մի քանի անգամ ավելի թանկ է դրոնի արժեքից։

Ավելին, պարզագույն դրոնները սովորաբար արձակվում են, այսպես ասած, «երամներով»։ Եվ եթե նույնիսկ 10-ից 8-ը վայր գցեց հակառակորդը, մեկն էլ ճանապարհից շեղվեց՝ այն միակը, որը հասավ նպատակակետին, այնպիսի վնաս հասցրեց, որը գերազանցում է բոլոր 10 «կամիկաձեների» արժեքը։ Լոնդոնյան «Գարդիան» թերթը փաստում է՝ Ուկրաինայի երկնքում վերջերս հայտնված դրոնների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 14 միլիոն դոլար, իսկ դրանք վայր գցելու համար Ուկրաինայի զինուժը ծախսել է ուղիղ երկու անգամ ավելի՝ 28 միլիոն դոլար։

Եվ վերջապես։ Ինչո՞ւ ենք միայն մեկ ուղղությամբ մտածում՝ եթե մեր հակառակորդը դրոն ունի, մենք էլ անպայման պիտի ունենանք։ Միգուցե արժե բոլորովին այլ կերպ ձևակերպել մեր նպատակը՝ եթե հակառակորդը դրոն ունի, մենք էլ պիտի ունենանք այդ դրոնը չեզոքացնելու հնարավորություն։ Մանավանդ որ ողջ աշխարհն է այսօր դրա մասին մտածում և արդեն բազմաթիվ միջոցներ է մշակել։ Խոսքը հակաօդային պաշտպանության ավանդական համակարգերի մասին չէ, այլ այնպիսի էլեկտրոնային սարքերի, որոնք պարզապես խափանում են դրոնի աշխատանքը, խզում են նրա կապը օպերատորի հետ, նույնիսկ ունակ են հենց թռիչքի պահին վերածրագրավորել հակառակորդի անօդաչուն այնպես, որ այն վայրէջք կատարի քո ուզած վայրում։

Չեմ համարձակվի միանշանակ ասել՝ գոնե պատերազմից հետո մենք աշխատանքներ տանո՞ւմ ենք այս ուղղությամբ, թե՞ բարձրաստիճան զինվորականներն առաջվա պես խորհուրդ են տալիս երկրի ղեկավարությանը հսկայական գումարներ հատկացնել մի երեք կործանիչ գնելու համար։ Չեմ համարձակվի, որովհետեւ բացարձակ գաղափար չունեմ, թե որոշումներ կայացնողների շրջանում ո՞ր մտածողությունն է գերակայում։ Չէ՞ որ այնուամենայնիվ ռացիոնալ հատիկ կա այն տեսությունում, ըստ որի, այսօր մեզ շրջապատում են մարդիկ, որոնք իրականում տարբեր ժամանակահատվածներում են ապրում։

Please enter a valid URL