Հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմանում «Թալին» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ «ձախ ձեռնաթաթի ափային մակերեսի գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա,գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա Էլեն Ա.-ն է։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Թալինի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմանում, երեխան իրենց գյուղում գործող «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման դասասենյակում վերցրել է սեղանին դրված «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման հրամանատար Ռուստամ Լևոնյանին պատկանող օդամղիչ ատրճանակը, անզգուշաբար կրակել և վնասել ձեռքի ափային հատվածը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։