Search
Close this search box.

Բոլոր ձեռքբերումները իրականացվել են իմ և կնոջս օրինական եկամուտներով․ Արսեն Թորոսյան

Հայկական հետաքննական լրագրության պերճանքն ու թշվառությունը: Նման վերտառությամբ գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Երեկ, Հետք ինտերնետային թերթում մի հրապարակում է տեղադրվել իմ և ինձ հետ այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց մասին՝ այնպիսի ոճով ու տրամաբանությամբ, որ կարծես թե ես շատ վաղուց մի «հանցավոր սինդիկատ» եմ ղեկավարում։

Այդ հրապարակման մեջ առկա ինձ վերաբերող տեղեկատվության զգալի մասը առկա է իմ և կնոջս հայտարարագրերի մեջ, մյուս մասը կհրապարակվի 2022թ. հայտարարագրերում օրենքով սահմանված ժամկետում։ Այդ տեղեկատվության մեջ չկա որևէ սենսացիա և հաշվի առնելով, որ 2018 թվականից ես համարվում եմ հայտարարագիր ներկայացնող անձ, մեր հայտարարագրերի մեջ մեր իսկ կողմից ներկայացված տեղեկատվությունը բազմիցս հրապարակվել է մամուլում, այդ թվում վերջին անգամ մի քանի ամիս առաջ: Ինձ համար տարօրինակ է դա կրկին անգամ հենց այս օրերին, որպես «բացահայտում» ներկայացնելը։ Իրականում շատ հասկանալի է, թե ինչու է դա արվում հենց հիմա՝ ՔՊ կուսակցության համաժողովին ընդառաջ։

Լրագրողական ցածրորակ աշխատանքի մասին է վկայում օրինակ, երբ որպես ահասարսուռ «բացահայտում» է ներկայացվում հորս կողմից ինչ-որ չաշխատող ՍՊԸ մասնաբաժնի սեփականատեր լինելը հեռավոր 1996 թվականում, երբ ես 14 տարեկան դպրոցական եմ եղել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ ինքս չեմ իմացել դրա մասին և դա ինձ համար իրոք «բացահայտում» էր։ Կամ, երբ ինձ ներկայացնում են, որպես զբոսաշրջային բիզնես գործունեություն իրականացնող անձ՝ ավելի քան 10 տարի առաջ բացված ու երբեք չաշխատած մեկ այլ ընկերությունում մասնաբաժին ունենալու և դրանից հրաժարվելու համատեքստում։ Հիրավի սենսացիոն բացահայտումներ են։

Շատ հետաքրքիր է նաև թե ինչ թել է թելում «հետաքննական», իսկ իրականում վաղուց արդեն քաղաքական հարցեր լուծող լրագրությունը, երբ մանրամասն ներկայացնում է, թե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխկապակցված կամ գույքի առքուվաճառքի գործարքներ կնքած անձինք ժամանակին ինչով են զբաղվել, ինչ գույք են ունեցել կամ ինչ պաշտոններ են զբաղեցրել, կարծես պետք է նախապես ինքնակենսագրականներ պահանջենք մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելուց առաջ։
Այնուամենայնիվ մի քանի հանգամանքի անդրադառնամ առանձին։

Հայտարարագրերիս մեջ նշված է, որ մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցրել եմ ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենի պաշտոնը, իսկ կնոջս հայտարարագրերի մեջ նշված է, որ այդ պահից սկսած նա է զբաղեցրել այդ ՍՊԸ տնօրենի պաշտոնը։ 2022 թվականին կինս ձեռք է բերել այդ ՍՊԸ 10% մասնաբաժինը, ինչն օրենքով արգելված չէ, հետևաբար դա կրկին, որպես «բացահայտում» ներկայացնելը տարօրինակ է։ Քանի որ գործարքը տեղի է ունեցել 2022 թվականին, ապա դրա մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի 2022 թվականի նրա հայտարարագրում մինչև 2023 թվականի մայիսի 31-ը։

Տարօրինակ անդրադարձ է արվել իմ և կնոջս կողմից գույքի ձեռքբերումներին՝ կրկին տողատակում ունենալով, որ կա’մ գույք ձեռք բերելը ապօրինի կամ պախարակելի մի բան է կա’մ էլ դա իրականացվել է ապօրինի ֆինանսական միջոցներով։ Բոլոր ձեռքբերումները իրականացվել են իմ և կնոջս օրինական եկամուտներով, որոնք հայտարարագրված են և հետևաբար անհասկանալի է դրանք այդպիսի լույսի ներքո ներկայացնելը։

ՀՀ օրենսդրության համաձայն հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելք չկա և ըստ էության չի էլ կարող լինել, հետևաբար հորս կողմից ՍՊԸ մասնաբաժնի սեփականատեր լինելը օրենքով արգելված չէ։ Օրենքով կարգավորվում են միայն շահերի բախման դեպքերը, ինչը տվյալ իրավիճակում կիրառելի չէ և հետևաբար անհասկանալի է ձեռնարկատիրական գործունեության այս դեպքին նման անդրադարձ անելը։

Հրապարակման վերաբերյալ այլ մեկնաբանությունները համարում եմ ավելորդ։

Հ.Գ. հուսամ կգա այն օրը, երբ բաց աղբյուրներից վերցված և որևէ կերպ չթաքցված տեղեկատվությունն ու փաստերը հրապարակելը և դրանք որպես բացահայտում ներկայացնելը, իրար հետ չկապված անձանց և երևույթները մակերեսային դատողություններով իրար հետ կապելը, կդադարի համարվել «հետաքննական» լրագրություն։

Please enter a valid URL