Ես կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչեւ այս տարեվերջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչքանո՞վ է դա իրատեսական: Ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, որ, մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները:
Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև սահմանները հայտնի են»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև. «Սա շատ կարևոր հանգամանք է ու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության որոշակի մեխանիզմներ պետք է լինեն: Շատ լավ կլինի ու շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել», — հայտարարեց Փաշինյանը: