Search
Close this search box.

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել ոչ միայն գյուղաբնակ, այլ նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին:

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Առաջարկում ենք խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է 2023-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների մասով»,-նշել է Խաչատրյանը:

Ընդ որում վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականին հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Խնամքի նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափի նկատմամբ տոկոսային կապով, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով: Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ կվճարվի խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող ծնողների համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Այսպիսով 2023 թվականին հունվարի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների ծնողներին նշանակվելու է խնամքի նպաստ՝ անկախ բնակության վայրի հասցեից: Այսինքն՝ ի տարբերություն գործող կարգավորումների, խնամքի նպաստ կնշանակվի նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 62 կողմ, 4 դեմ ձայներ:

Please enter a valid URL