ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը հարված է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ-ական գործիչը հիշեցնում է, որ Կոնստանտին Զատուլինի մուտքն արգելված էր նաև Ադրբեջանում պրոարցախյան և պրոհայկական դիրքորոշման համար։
«Նույն տրամաբանությամբ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանություն է Ազգային ժողովի համապատասխան վարչության պետի գրությամբ պրոհայկական գործչին, որը մշտապես մեծ դերակատարում է ունեցել թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում, թե՛ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանման գործում և առհասարակ հայ-ռուսական պատմական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, Զատուլինի մուտքն արգելել Հայաստան։ Սա ոչ միայն հակառուսական քայլ է, այլ քայլ է ընդդեմ ՀՀ պետական շահերին»,–ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունը արգելում է բարեկամների մուտքը Հայաստան, փոխարենը ողջունում է արևմուտքից կասկածելի գործիչների այցը։
«Այն մարդիկ, ովքեր Հայաստան են գալիս Արևմուտքից և Հանրայինի եթերում հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, նրանց մուտքը Հայաստան արգելված չէ, բայց այն մարդիկ, ովքեր խոսում են Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին, նրանց մուտքն արգելում են։ Սա անընդունելի քայլ է հենց Հայաստանի շահերից ելնելով»։
Շարմազանովի համար զարմանալի չի եղել Զատուլինի հետ կապված իշխանությունների որոշումը։ Ըստ նրա` սա վերջին ամիսներին իշխանական գործիչների կողմից հակառուսական հայտարարությունների և գործողությունների շղթայի մի մասն է։
«Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում գիտակցել , որ Հայաստանը իրենք չեն։ Եթե գրեին Հայաստանի իշխանությունների համար ոչ ցանկալի հայտարարություն է արել, գուցե դա լիներ ճշմարիտ։ Հիմա Լյուդովիկոսի օրինակով Փաշինյանի իշխանությունն ասում է պետությունը ե՞ս եմ։ Հայաստանի բարեկամները կարող են իրենց թույլ տալ հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերից ելնելով քննադատել իշխանությանը։ Շառլ Ազնավուրն էլ ժամանակին մեզ էր քննադատում, արգելեի՞նք Ազնավուրի մուտքը, կամ շատ շատերի։ Պետք է տարանջատել իշխանությունն ու պետությունը»։
ԱԺ նախկին խոսնակը նկատում է, որ ՀՀ իշխանությունները միտումնավոր են Հայաստանում հակառուսական ալիք ստեղծում. «Եթե ՌԴ իշխանություններն առաջնորդվեին նիկոլական իշխանության տրամաբանությամբ, ապա ՀՀ ԱԺ պատվիրակության մուտքը ՌԴ պետք է տեղի չունենար, որովհետև դրանից մի քանի օր առաջ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը Հանրայինի եթերում հակառուսական հայտարարություններ էր անում»։
Ամփոփելով իր խոսքը` Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀ գործող իշխանությունների ձեռամբ հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններ գոյություն չունեն։
Հիշեցնենք, որ ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն։