Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունն ավարտվեց աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի փառահեղ հաղթանակով:
+109 կգ քաշայինների պայքարում նախորդ տարվա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը հավասարը չունեցավ նաեւ Ալբանիայի մրցահարթակում:
Երկամարտի 440 կգ արդյունքով Լալայանը հռչակվեց Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոն:
Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչը գերծանր քաշային կարգում պայքարը սկսեց ամենավերջում, երբ բոլորն ավարտել էին իրենց մրցելույթները: Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 190 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 200 կգ: Աշխարհի փոխչեմպիոնը երրորդ մոտեցումից հրաժարվեց եւ պոկում վարժությունում պայքարն ավարտեց 200 կգ-ով: Լալայանը նվաճեց նաեւ այս վարժության փոքր ոսկե մեդալը՝ 25 կգ-ով առաջ անցնելով մրցակիցներից:
Հրում վարժությունում նա պայքարը սկսեց 230 կգ-ով: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց նաեւ 240 կգ: Այս վարժությունում էլ Լալայանը նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ այստեղ էլ 25 կգ-ով հետ թողնելով մրցակիցներին:
Վարազդատ Լալայանը 50 կգ-ով շրջանցեց այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած ուկրաինացի Օլեգ Հազնենկոյին (390 կգ, 175+215), բրոնզե մեդալակիր է դարձել Հոլո Ժիլարդը (356 կգ, 155+201):