«Որևէ բարեփոխում, ըստ էության, չկա, բոլորը դատարկ հայտարարություններ են, փուչիկ՝ ուրիշ ոչինչ»,- «Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը նկատեց՝ ռեալ բարեփոխումը պետք է տեսանելի լինի «հողի վրա», մինչդեռ հատկապես սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումից հետո տեսանք, թե ինչպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած։
«Ներքին Հանդում պատերազմում ձևավորված գրեթե ամբողջ առաջնագիծն անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո»,- շեշտեց Աննա Գրիգորյանը՝ հավելելով՝ պատերազմից հետո մարդկանց ունեցած զգացողությունը, որ պետությունն իրենց մեջքին չէ, այսօր շարունակում է գոյություն ունենալ: «Քանի դեռ ազգային, պետական իշխանություն չունես, որ հետապնդի քո ազգային, պետական շահը, քո սահմաններն ամուր պահի, այո, քաղաքացու աչքը լինելու է այս պետությանը, այն պետությանը, և ոչ երբեք՝ սեփական կարողությանը»:
Այս համատեքստում անդրադառնալով աշխարհաքաղաքական դասավորվածությունների մասին խոսույթներին՝ պատգամավորը հիշեցրեց՝ այժմ Սյունիքում են ադրբեջանական, ռուսական զորքեր, հայկական ուժեր, Եվրոպայից դիտորդներ, անմիջապես սահմանին Իրանն է անընդհատ զորավարժություններ իրականացնում, և դեռ խոսք է գնում այլ ձևաչափերով ներգրավվածությունների մասին։
«Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի, որպեսզի մենք Սիրիա չդառնանք, մեր խնդիրը պետք է լինի՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ չդառնանք։ Բայց այն, ինչ ես հիմա տեսնում եմ, այս իշխանությունների վարած քաղաքականությունը բերում է նրան, որ մենք կարող ենք այդ բախման կետը լինել։ Եվ այդ բախման կետն ամենահավանականը հենց Սյունիքում է, որտեղ տարբեր ուժերի դասավորվածություններ կան։ Այստեղ պետք է շատ զգույշ լինել»,- նշեց Աննա Գրիգորյանը: