Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ արգելվել է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, տխրահռչակ Լազարեւսկի կոմիտեի համակարգող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում, գրել է թերթը։
Ավելի վաղ, ՀԺ-ն սկսել է հրապարակել «արտահոսքերի» շարք հավաստի աղբյուրին հղումով, որոնք վերաբերում են Հայաստանի դեմ 2020-ի ռազմական արշավին եւ «հետպատերազմյա կարգավորմանը» Ռուսաստանի իրական դերին ու գործողություններին։ Մասնավորապես, պատերազմի պլանավորման եւ հարավային շրջանների օկուպացիայի հարցում, քանի որ Բաքվի ու Անկարայի կողքին նախեւառաջ Ռուսաստանն էր շահագրգռված ՀՀ տարածքով միջանցքի հարցում, քանի որ Արևմուտքի հետ կանխատեսելի կամ պլանավորվող բախման պայմաններում, երբ ակնհայտորեն արևմտյան տրանսպորտային ուղիները պիտի փակվեին, կամ առնվազն կասկածի տակ հայտնվեին, միջանցքը կարեւոր նշանակություն էր ստանում ՌԴ համար։ Ռուսաստանը օգտագործում է Ադրբեջանի եւ մասամբ էլ իր զորքերը՝ Հայաստանին իր պլանները պարտադրելու համար։ Ընդ որում, Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով Հայաստանին թուլացնում է այնքան, որ Հայաստանը ստիպված լինի անդամակցել միութենական պետությանը, որից հետո վերանում են ՀՀ ինքնիշխանության ու տարածքի հանդեպ ոտնձգությունների իրավական ու միջազգային խոչընդոտները, գրել է թերթը։
Բացի այդ, Փաշինյանն իր ելույթներում նույնպես որոշակի բացահայտումներ է արել, մասնավորապես, որ Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին, իսկ ՀԱՊԿ-ը գործում է Հայաստանի շահերի դեմ։
Այս ամենը հայտնի է, ՀԺ-ի հրապարակումներում էլ որեւէ նոր բան չկա, ընդ որում՝ դրանք իրողությունների ընդամենը մի մասն են։ Հայաստանի դեմ Ռուսաստանի արշավի ու ծրագրերի վերաբերյալ մի շարք հեղինակներ ու լրատվամիջոցներ գրում են տարիներ շարունակ։ Իր հերթին, Հայաստանի դեմ համատեղ արշավի հանգամանքներն արդեն չեն թաքցնում Մոսկվան ու թուրքերը, դրա մասին արդեն խոսում են միջազգային բարձր հարթակներում, եւ ամեն ինչ մակերեսին է։ Այս պարագային հարցը հետեւյալն է՝ որն է «բացահայտումների ու արտահոսքերի» նպատակը։
Բանն այն է, որ եթե խնդիրը Ռուսաստանի քաղաքականությանը եւ ռուս-թուրքական ագրեսիային հակազդելն է, դրա համար համակարգված գործողություններ են անհրաժեշտ՝ սկսած ներպետական հարթակներում՝ խորհրդարան, ԱԳՆ, ՊՆ, քննարկումների նախաձեռնումից եւ ինքնիշխան որոշումների կայացումից, այդ թվում՝ եվրասիական բլոկներին անդամակցության նպատակահարմարության եւ եռակողմ թղթերի անօրինականության (ՀԺ-ի արտահոսքերը վկայություն են, որ ՀՀ իշխանությունը գործում է ուժի սպառնալիքի տակ) վերաբերյալ, վերջացրած միջազգային կառույցներում հայկական խնդիրների ու շահերի իրավական լուծման ճանապարհը։ Իրականում մենք տեսնում ենք լիովին հակառակը՝ ՀՀ իշխանությունը խնամքով խուսափում է թե մեկից, թե մյուսից, փաստացի իրականացնելով սաբոտաժ։ Ընդ որում, ոչ միայն խուսափում է, այլեւ փորձում է ռուս-թուրքական ոճրագործությունները լեգիտիմացնել միջազգային հարթակներում, Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ֆոնին։
Ո՞րն է ուրեմն այս «բացահայտումների ու արտահոսքերի» նպատակը։ Քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի կարծիքով, «Այս քաշքշուկների հիմքում Հայաստանի վերնախավում ագենտուրային ակտիվի խլե-խլեն է։ 2018 թ․ ռուսական հատուկ ծառայությունների ցանցերի միջոցով իշխանության բերված Փաշինյանը շարունակում է իր ծառայություններն առաջարկել հակամարտող կողմերին՝ իր իշխանությունը երկարաձգելու երաշխիքների դիմաց։ Բնականաբար, անկախություն, Հայաստանի հանրապետության 1921 թ․ օկուպացված տարածքների վերադարձ, Արցախի, Բերձորը ներառյալ, դեօկուպացիա եւ նման իրավական պահանջները դրվել են Փաշինյանի իշխանությանը հակակշռող նժարին»։
lragir.am